«Տաշիր Կապիտալը» բացարկ հայտնեց ՀԾԿՀ նախագահին․ միջնորդությունը մերժվեց

ՀԾԿՀ անդամները քվեարկությամբ մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
15:17
«Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները պաշտոնական գրությամբ բացարկ հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ պնդելով, որ վերջինիս քաղաքական անցյալը և կապերը կասկածի տակ են դնում նրա անաչառությունը։
Ընկերության իրավբանի ներկայացրած դիմումում նշվում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը նախկինում զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինչպես նաև կապեր է ունեցել իշխող ուժի հիմնադիրներից մեկի՝ Սասուն Միքայելյանի հետ։
«Առկա են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշների տեսակետից վերջինիս կողմնակալ համարելու համար»,- ասաց ընկերության իրավաբան Վարդան Ալոյանը։
Բողոքող կողմը նաև հիշեցրել է, որ Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն է նշանակվել այն դեպքում, երբ օրենքով սահմանված մեկ տարվա սահմանափակումը դեռ չէր լրացել՝ ՀԾԿՀ անդամի լիազորությունների դադարեցումից հետո։
«Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ»,- ընդգծեց իրավաբանը։
ՀԾԿՀ նախագահը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:
Civilnet










