Գլխավոր Լրահոս

Վաղարշապատում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Վաղարշապատում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Նոյեմբերի 16-ին ժամը 08:00-ին Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերը։ Ընտրողների թիվը 69,866 է:

Ավագանու ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ։

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել են  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, «ՀԱՅԱՔՎԵ» դիտորդական առաքելությունը,  «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն և «Իրավունքի և արդարության կենտրոն ԹԱԹՈՅԱՆ» հիմնադրամը։

Նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 15-ին։ Մարտին հայտնի էր դարձել, որ քաղաքապետարանը գնման պայմանագիր է կնքել նրա սկեսրայրի հետ։ Դրա հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցեց։ Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12-ին տապալվել էր. Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացրել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ 

Հունիսի 20-ին Հայաստանի Կառավարությունը Խոյ և Վաղարշապատ համայնքները միավորելու որոշում էր ընդունել։

Ովքե՞ր են համայնքի ղեկավարի թեկնածուները

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, որն այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նախկինում եղել է Խոյ համայնքի ղեկավար, ապա՝ նշանակվել Արմավիրի մարզպետ։ 

Ընտրապայքարում են նաև Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքի Գրիշա Հարությունյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Դողս համայնքը։ 

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունից Արտյոմ Սիմոնյանը, «Հայրենիք» կուսակցությունից գրող Խաչիկ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Հարություն Մկրտչյանը, «Ազգային առաջընթաց»-ից Մովսես Մարտիրոսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Վահրամ Ազատյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արկադի Փայտյանը։

Էջմիածնում իշխանության հիմնական մրցակիցը համարվում է «Հաղթանակ» դաշինքը։ Ցուցակը գլխավորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը։ Նախորդ ընտրություններում նա ձայների 36.52-րդ տոկոսն էր ստացել։

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել քարոզարշավի ընթացքում

Հոկտեմբերի 22-ին մեկնարկած քարոզարշավն ուղեկցվում էր խախտումներով։ Դիտորդներն ու լրատվամիջոցներն արձանագրել են վարչական ռեսուրսի օգտագործման և արգելված վայրերում պաստառների փակցման դեպքեր։ Նման վարքագիծը նկատվում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից։  «Անկախ դիտորդ» ՀԿ-ն գրել էր, որ արձանագրում են մրցակից կուսակցությունների կողմից փոխադարձաբար պաստառները պատռելու և սեփական պաստառները փակցնելու դեպքեր։ 

Նոյեմբերի  12-ին «Անկախ դիտորդ»-ը հայտնեց, որ ստացել է ահազանգեր՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներին աշխատանքից ազատելու մասին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդել էր Վաղարշապատում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հնարավոր ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Ըստ հասարակական կազմակերպության՝ հոկտեմբերի 21-ին Դողս գյուղում քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի քանի թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ընթացքում համայնքի բնակիչներին նվերներ են բաժանվել: 

Հոկտեմբերի  28-ին «Ականատես»-ը հայտնել էր նաև Արմավիրի մարզպետի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։

«Ականատես»-ը նաև հայնտել էր, որ նոյեմբերի 5-ին Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի կողմից, ով միաժամանակ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված՝ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և ենթադրաբար տվյալ կուսակցության անդամ է, արձանագրվել է բարեգործության իրականացման դեպք։

Առաքելությունից նշել են, որ ավելի վաղ Անուշ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում բազմիցս իրականացրել է քարոզչություն հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության։

2021-ի ընտրությունները` Վաղարշապատում

2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 25%-ը։ Խոշորացումից հետո Վաղաշապատ համայնքի ընտրողների թիվը դարձել է 70, 022։  Մինչև խոշորացումը 44,653 էր։

Նախորդ ընտրություններին մասնակցել է 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 54,48%, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 36,52%, «Հայրենատէր» կուսակցություն՝ 4,98%, Իրական ժողովրդավարական կուսակցություն՝ 2,57%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 1,41%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում