Խոր մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ: ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Բաքվում ընթացող շինծու գործով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար ադրբեջանցի դատախազները 16-ից մինչև ցմահ ազատազրկում են պահանջել:
Երկրորդելով թեմայի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները՝ Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծված խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ հնարավոր լինի լուծել Ադրբեջանում պահվող բոլոր հայերի տուն վերադարձի հարցը։
«Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեր համար առաջնային խնդիր է և մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները և մթնոլորտ և միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն»,- ասաց Հովհաննիսյանը:
Լրագրողի հարցին, արդյոք Հայաստանի հետ խաղաղության գնացող պետության կողմից սա ճիշտ քայ է, Հովհաննիսյանն ուղիղ պատասխան չտվեց, այլ կրկնեց իր մեկնաբանությունը:
«Ես ասացի, որ մենք խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության ընթացքի բովանդակության վերաբերյալ, նաև մտահոգություններ ունենք մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչում են Ադրբեջանից, որոնք ըստ էության կապ չունեն խաղաղության գործընթացի հետ: Մենք հույս ունենք, որ այդ մտահոգությունները հընթացս կփարատվեն և խաղաղության գործընթացն էլ ավելի կայուն փուլ կմտնի, ինչի արդյունքում կստեղծվի միջավայր, երբ հնարավոր կլինի մեր բոլոր հայրենակիցներին վերադարձնել տուն»,- ասաց Հովհաննիսյանը։
***
Ըստ Բաքի ներկայացված պահանջների՝ ցմահ ազատազրկում է առաջարկվել Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և Դավիթ Իշխանյանի համար:
65 տարին լրացած լինելու պատճառով 20 տարվա ազատազրկում՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Մադաթ Բաբայանի համար, իսկ 16–19 տարվա պատժաչափեր՝ Գարիկ Մարտիրոսյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի, Էրիկ Կազարյանի և մի շարք այլ անձանց համար։
Դատավարությունը շարունակվելու է նոյեմբերի 27-ին։
Civilnet











