Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Վրաստանը քաղաքական փոխըմբռնում ունեն գործարարների խնդրի վերաբերյալ. Միրզոյան

Հայաստանն ու Վրաստանը քաղաքական փոխըմբռնում ունեն գործարարների խնդրի վերաբերյալ. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպումից հետո, անդրադարձել է հայ-վրացական համագործակցության օրակարգին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նախարարը նշել է, որ երկու երկրների տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում։ Նա ընդգծել է, որ երկկողմ օրակարգը բազմաշերտ է և ընդգրկում է բոլոր բնագավառները՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն:

Միրզոյանը շեշտել է, որ ժամանակակից միտումների պայմաններում առավել մեծ կարևորություն է ստանում փոխկապակցվածությունը։  

«Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը»,- ասել է նախարարը։

Նախարարն ավելացրել է, որ այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական։

Մակրո մակարդակում փոխկապակցվածության իմաստով Միրզոյանը կարևորել է Հարավային Կովկասի ներուժը՝ փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանների միջև:

Նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով.

«Այստեղ նորություն է խաղաղության հաստատման փաստը. խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավվածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ այս խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի»։

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում, կապահովեն փոխադարձ առավելություններ և կայունություն տարածաշրջանի երկրների համար:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայ-վրացական ավանդական բարեկամությունն այժմ իր արտահայտությունն է գտել ռազմավարական գործընկերության փաստաթղթում:

«Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և հակառակը՝ այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում»,- ասել է Միրզոյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի գարնանը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին մասնակցության համար վրացական կողմին սպասելու են Երևանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում