Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք:
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը:
Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն Ոստիկանության ենթակա ծառայությունները՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության։
Իսկ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը ընտրատեղամասերից ՆԳՆ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ չորսժամյա պարբերականությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհապաղ, կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:
Civilnet











