Վաղարշապատի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուները ևս մասնակցեցին ընտրությանը։ Քվեարկությունից հետո նրանք անդրադարձան հարցին, թե արդյո՞ք կոլաիցիա կկազմեն այլ ուժերի հետ՝ ընտրություններում պացարձակ հաղթանակ չտանելու դեպքում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի խոսքով՝ այսօր միայն մի մտքով է եկել ընտրության՝ ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Նա հավելեց, որ ընտրություններում պարտվելու դեպքում այլ ուժերի հետ համագործակցելու սցենարներ չի քննարկել։
Ընդդիմադիրներից «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞ր ուժերի հետ են պատրաստ կոալիցիա կազմել, եթե բացարձակ հաղթանակ չունենան, նշեց, որ այս հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց եթե բացարձակ հաղթանակ չլինի, ապա համագործակցության եզրեր կգտնեն ընդդիմադիր ուժերի հետ։
«Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից 1 ձայն ավելի կհավաքի, պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքական ուժին»,- ասաց Խաչատրյանը։
«Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը ևս հավելեց, որ ընտրություններից հետո այլ ուժերի հետ կոալիցիայի հնարավորություն տեսնում է։
«Մայր Հայաստան» ու Ժառանգություն կուսակցությունների թեկնածուները նշել են, որ պատրաստ են ընդդիմադիր մյուս ուժերի հետ բանակցել՝ համագործակցության համար, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուն հայտնել է, որ ցանկացած ուժ կարող է իրենց հետ կոալիցիա կազմել, բայց իրենք ոչ մեկի հետ չենք կազմելու։
«Հանրապետություն» կուսակցությունից էլ հարցին, թե պատրա՞ստ են արդյոք ՔՊ-ին միանալու, նշել են, որ վաղ է այս փուլում այդ մասին խոսելը։
Civilnet











