Վաղարշապատի ավագանու ընտրություններում վաղ առավոտից դիտորդական առաքելությունները մի շարք խախտումներ են արձանագրում։
14/13 ընտրատեղամասում «Թաթոյան» հիմնադրամի դիտորդներն արձանագրել են, որ ընտրողի հասցեում գրանցված է մահացած անձ, իսկ մեկ այլ դեպքում՝ ընտրողի հասցեում գրանցված է անծանոթ ընտրող։ Մեկ այլ հաղորդմամբ հայտնել են, որ 14/20 ընտրատեղամասի քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ 14/19 տեղահամասում ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։
«Հայաքվե» դիտորդական առաքելությունը պարբերաբար հայտնում է ընտրատեղամասերում կուտակումների ու բաց քվեարկությունների մասին։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը նշում է, որ իրենց դիտարկմամբ մինչև 11։00-ն էական խախտումներ չեն արձանագրվել։
«Ականատես» դիտորդական առաքելությունից ՍիվիլՆեթի հետ զրուցյում նշել են, որ որոշ խնդիրներ արձանագրվել են հենց ընտրատեղամասերում, բայց դրանք այս պահին համակարգային բնույթ չեն կրում․
«Օրինակ, ունենք վստահված անձի կողմից ընտրողների հետ ակտիվ շփման, ենթադրյալ ուղղորդման դեպք, ունենք քվեարկության իրավունքի խոչընդոտման մեկ դեպք, երկու դեպք, երբ ընտրողին թույլ չի տրվել սխալից հետո նորից քվեարկություն իրականացնել։ Ունենք կահավորման, տեղամասերի մատչելի չլինելու հետ կապված խնդիրներ, վնասված կամ բաց քվեատուփի, կամ ոչ ամբողջությամբ կնքված քվեատուփի երկու դեպք․․․»,- հայտնում են «Ականատես»-ից։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Civilnet











