Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շինարարությունը մոտենում է ավարտին: Ըստ ադրբեջանական APA լրատվականի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Տաշքենդում կայացած Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական նիստում:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև եռակողմ համաձայնագիր է ստորագրվել, որը համարվում է խաղաղության պայմանագրի նախաստորագրում։
«Վստահ եմ, որ այս օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա նշել է, որ 15 միլիոն տոննա թողունակությամբ երկաթուղին սկզբնապես կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ:
***
Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Պաշտոնական Երևանն այս ձևակերպումն ընկալում է որպես տարածքային նկրտում Հայաստանի սուվերենության նկատմամբ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» տերմին չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ այլ բանակցություններում:
«Որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի կողմից, դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ԵԽԽՎ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Civilnet











