Գլխավոր Լրահոս

Մահվան մասին տվյալ չստանալու դեպքում անձը շարունակում է մնալ ընտրացուցակում. Դավթյան

Մահվան մասին տվյալ չստանալու դեպքում անձը շարունակում է մնալ ընտրացուցակում. Դավթյան

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն անդրադարձել է ընտրողների ցուցակներում մահացած անձանց տվյալների հայտնվելու վերաբերյալ հարցերին՝ ներկայացնելով գործընթացն ու պատճառները, որոնք կարող են հանգեցնել նման իրավիճակների։

«Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից և համապատասխանաբար նաև ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է»,- Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

Նրա խոսքով՝ տվյալների դուրսբերումն իր մեջ ենթադրում է գործողությունների շղթա, մասնավորապես՝ տեղեկության փոխանցում համապատասխան պետական մարմնից.

«Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիա և քաղաքացիության ծառայություն՝ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից»,– ասել է Դավթյանը։

Նա ընդգծել է, որ եթե մահվան մասին տեղեկությունը չի ստացվում, ապա տվյալ քաղաքացին չի կարող դուրս բերվել ցուցակներից: Դավթյանի խոսքով՝ նման իրավիճակներ առաջանում են այն դեպքերում, երբ լիազոր մարմինները չեն ստանում մահվան գրանցման վերաբերյալ տվյալներ:

«Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում և մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից: Որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծվում․ երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա, երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս, կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը… այդ ինֆորմացիան հայտնի են դարձել լիազոր մարմնին»։

Նա նշել է, որ նման դեպքերը հաճախ ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հարազատները զբաղվում են ժառանգության հարցերով։

Դավթյանը հավելել է, որ խնդրի նվազեցման նպատակով ընտրություններից առաջ իրականացվում են տեղում այցելություններ․

«Հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար: Բայց իհարկե 100%անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ»,– նշել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում