Լուսանկարը՝ PanArmenian-ի:
Ինչո՞վ է պայմանավորված, որ «Լուսաստղ շուգր» ընկերության [պատկանում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին] հարկերը 2012թ. կտրուկ նվազել են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին այսպիսի հարց ուղղեցին լրագրողները՝ այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հարկային բարեփոխումների ծրագրի պաշտոնական բացումից հետո:
Խաչատրյանի խոսքով՝ հարկերի վճարման նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում շաքարավազը ներկրվում էր որպես պատրաստի արտադրանք, իսկ ներկայում՝ որպես հումք, որը ազատված է մաքսատուրքից և ԱԱՀ-ից:
«Լուսաստղ շուգր» [Ախուրյանի շաքարի գործարանը] ընկերության վճարած հարկերի ծավալը 2012թ. կրճատվել է 95%-ով։ Պետական եկամուտների կոմիտեի 2012թ. 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ 2011թ. համեմատ անցած տարի ընկերության կողմից վճարած հարկերի ծավալը կրճատվել է 95,4%-ով կամ 2,6 մլրդ դրամով: 2012թ. ընկերությունը վճարել է 127 մլն-ի հարկեր։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի Հայաստանում արտադրվել է 69,3 հազ. տոննա շաքարավազ (2011թ. համեմատ արտադրությունը կրճատվել է 4%-ով)։
«Մենք հիմա «Լուսաստղ շուգրում» և ամբողջ «Ալեքս Գրիգում» [նույնպես պատկանում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին] ուսումնասիրություն ենք անում, և այդ գործընթացում ներգրավված է 160 աշխատակից»,- ասաց Խաչատրյանը:
«Արտոնյալ բիզնեսը Հայաստանում հարաբերական հասկացություն է»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը: «Մենք բազմիցս ասել ենք՝ որ ոլորտներում ունենք տեղայնություն, և այս բոլոր ծրագրերը ուղղված են դաշտը մի ստանդարտի բերելուն, որպեսզի ոչ հարկային կառույցներում աշխատողները, ոչ Հայաստանի Հանրապետությունում կարողություններ ունեցող մարդիկ չստեղծեն արտոնյալ դաշտ։ Ծրագրի բաղադրիչներից մեկը հարկային կարողությունների գնահատումն է։ Եթե մենք իմանանք՝ որ ոլորտում որքան հարկային ռեսուրս կա, ապա տեխնիկական մասը իրականացնելը հեշտ կլինի։ Բոլորը ասում են՝ ստվեր կա, բայց ոչ ոք չի ասում՝ որ ոլորտում որքան ստվեր կա»,- ասաց Խաչատրյանը:
Հարկային բարեփոխումների քառամյա ծրագրը ուղղված է հզորացնելու ֆինանսների նախարարության՝ արդարացի և արդյունավետ հարկային քաղաքականությունների մշակման, ինչպես նաև ՊԵԿ-ի՝ հարկային օրենսդրության արդյունավետ և արդարացի վարչարարության կարողությունները: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել ՀՀ կառավարության ու հարկ վճարողների միջև հարկային հարցերի շուրջ երկխոսությունը:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն անցած տարի հուլիսին հաստատել է «Հայաստանի հարկային վարչարարության արդիականացման» ծրագրի համար $12 մլն վարկի հատկացումը: Ծրագիրը նպատակ ունի օժանդակել ՊԵԿ-ի արդիականացմանը, բիզնես գործընթացների արդյունավետ վերահսկողությանը, էլեկտրոնային կառավարմանը և այլնի: «Հարկային բարեփոխումների» ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցությունը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ն:
Civilnet











