Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանին համայնքի ղեկավար ընտրելու համար։ Վարչապետն այս մասին գրել է տելեգրամյան իր ալիքում։
Փաշինյանի գնահատմամբ՝ այս արդյունքները «կարևոր լիցք տվեցին» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կաթողիկոս Գարեգին Երկրորդից «ազատելու գործընթացին»։
Ընտրությունների արդյունքները, Փաշինյանի գնահատմամբ, ամրապնդում են նաև կուսակցության խաղաղության ու պետականության ամրապնդման ռազմավարությունը։ Նա նշել է, որ հանրությունը «աներկբա աջակցություն» է հայտնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն ուժեղացնելու իշխանության քաղաքական գծին։
Վարչապետը ներկայացրել է ընտրությունների արդյունքները որպես 2026-ի խորհրդարանական ընտրությունների «հնչուն նախերգանք»՝ հայտարարելով, որ, ըստ իր համոզման, «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է» այդ ընտրություններում։
***
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է առավելագույն քվեները։
Civilnet











