Այսօր Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը։ Նա ներկայացնում է ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան դաշինք»-ը և մինչ այս զբաղեցնում էր համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ արձակվել: Քննչական կոմիտեն 2019-ին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Civilnet











