ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր: Ընդգծել է, որ մինչս օրս տարբեր ուղղություններով արձանագրված կարևոր ձեռքբերումներն արտացոլում են գործընկերության զարգացման դինամիկան, խորությունն ու բովանդակային հագեցվածությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին և գործընկերության օրակարգը նոր նախաձեռնություններով լրացնելու, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է ԵՄ «Համաշխարհային դարպաս» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ է կատարվել դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացման և խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:
Civilnet











