Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Քննարկվել են Երևանի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունների միջոցով խթանել համագործակցությունը՝ այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
Նշվել է, որ Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների խորացման հիմքում երկու ժողովուրդների ավանդաբար ձևավորված բարեկամությունն է։ Կողմերը զարգացման ներուժ ունեցող ուղղություններ են համարել տնտեսական համագործակցությունն ու ներդրումների խթանման հնարավորությունները, ինչպես նաև հումանիտար ծրագրերը։
Հումանիտար ոլորտի շրջանակում նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունն ականազերծման աշխատանքներին Սիրիայում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Սիրիայի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ գործընկերոջը՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի հետագա առաջընթացին միտված քայլերը։
Civilnet











