Հայաստանն ու Ղազախստանն այսօր պատմական փաստաթուղթ կստորագրեն, որը երկու երկրների միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Հայաստանի վարչապետը նշել է, որ իր այցը Ղազախստան լավ հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունները խորացնելու և դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։
«Կարծում եմ, որ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելով՝ բացվում են նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի ամրապնդման համար։ Ես կարծում եմ, որ տրանսպորտի ոլորտում առկա ներուժը պետք է լիովին իրացվի, ինչը մեզ համար նոր հնարավորություններ կբացի», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ղազախստանի նախագահն ասել է, որ Հայաստանը Ղազախստանի հիմնական քաղաքական, առևտրային և տնտեսական գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ առևտուր, տնտեսություն, տարանցիկ տրանսպորտ, ներդրումային համագործակցություն, ընդերքի օգտագործում, գյուղատնտեսություն, թվայնացում և արհեստական բանականության ներդրում, առողջապահություն, մշակութային և մարդասիրական կապեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում:
Civilnet











