Հայաստանն ու Ղազախստանը՝ ռազմավարական գործընկերներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը նոյեմբերի 21-ին Աստանայում համատեղ հայտարարություն են ստորագրել, որով երկու երկրների հարաբերություններն անցնում են ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Այս որոշումը կուժեղացնի երկու երկրների բարեկամությունը և կբացի բազմաբևեռ համագործակցության նոր փուլ», - ասել է Ղազախստանի նախագահ Տոկաևը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին։
Երկու երկրները պայմանավորվել են մեծացնել փոխադարձ առևտրի ծավալները և ապրանքների անվանացանկի ընդլայնման վերաբերյալ կոնկրետ միջոցներ ձեռնարկել։
«Փոխադարձ ապրանքաշրջանառությունը մեծացնելու նպատակով Ղազախստանը պատրաստ է հայաստանյան շուկային առաջարկել ապրանքներ՝ ընդհանուր 350 մլն դոլարի»,- ասել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու TRIPP նախագծին։
«Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում երկկողմ և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման համար։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Մենք նաև հաստատում ենք TRIPP նախագծին մասնակցելու մեր հետաքրքրվածությունը։ Այս ռազմավարական միջանցքների զուգորդումը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու և Հյուսիս-Հարավ միջանցքի հետ համապատասխանում է երկու երկրների շահերին»,- ասել է Տոկաևը։
Նա նաև արձանագրել է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հատուկ քաղաքական և տնտեսական նշանակություն ունեն։
«Ղազախստանը պատրաստ է կանոնավոր հիմունքներով Հայաստանին մատակարարել բարձրորակ հացահատիկային արտադրանք և այլ ապրանքներ։
Առաջնահերթ խնդիրներից է երկու երկրների միջև ուղիղ ավիաթռիչքների բացումը և օդային բեռնափոխադրումների կազմակերպումը։ Այս ոլորտում արդեն առկա են կոնկրետ ծրագրեր, կողմերը մոտ ժամանակներում կանցնեն դրանց իրագործմանը»,- ասել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահը նաև հայտնել է, որ հաջորդ տարի Ղազախստանում Alem.ai-ի բազայի վրա կբացվի Հայաստանի միջազգային կրթական կենտրոնի հերթական մասնաճյուղը՝ TUMO Astana-ն։
Խոսելով Փաշինյանի մասին՝ Տոկաևը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի վարչապետը միջազգային հանրության շրջանում հայտնի է որպես ուժեղ առաջնորդ, հեռատես քաղաքական գործիչ և բացառիկ պետական գործիչ», - ասել է Տոկաևը։ Վերջինս Փաշինյանին շնորհել է Ղազախստանի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը։
Civilnet










