Գլխավոր Լրահոս

«Ջալալ Հարությունյանը ինչ-որ ապտակել է պարոն Մնացականյանին». Լելե Թեփեի օպերացիա դատական նիստից

«Ջալալ Հարությունյանը ինչ-որ ապտակել է պարոն Մնացականյանին». Լելե Թեփեի օպերացիա դատական նիստից

2020-ի պատերազմի ժամանակ Լելե Թեփեի օպերացիայի գործով նոյեմբերի 21-ի դատական նիստին հարցաքննվում էր «Ցոր»-ի տանկիստ, նշանառու-օպերատոր Տիգրան Հակոբյանը։

«Ու այդպես որ առաջ ենք գնացել, արդեն տեսանք խրամատի մոտ պարոն Մնացականյանին, նրա տանկը շուռ էր եկել հակատանկային փոսի մեջ»,- Երևան քաղաքի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում ասաց պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») տանկային գումարտակի նշանառու-օպերատոր Տիգրան Հակոբյանը։

Լելե Թեփե օպերացիայի մասին

Ըստ մեղադրանքի՝ «Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակում, դուրս է եկել անվնաս, անձնակազմին տեղափոխել է մոտակա հետևակի մոտ, սակայն ինքը, օգտագործելով այդ իրավիճակը, չի փորձել վերականգնել տանկի ղեկավարման խափանումը և չի համակարգել անձնակազմի հետագա գործողությունները, փաստացի հրաժարվելով շարունակել մարտական առաջադրանքը։

«Լելե Թեփեի օպերացիայի» գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։

2020-ի հոկտեմբերի 3-ից Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Պաշտպանության բանակը հակահարվածն իրականացնելու նպատակով ներգրավեց պահուստային ուժերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը («Ցոր») և Իվանյանի տանկային բրիգադը։ 

***

Ըստ վկա Տիգրան Հակոբյանի՝ իրենց տանկի խափանումից հետո, ինքը և տանկի էկիպաժի մյուս անդամները հոկտեմբերի 7-ին Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ոտքով առաջ են շարժվել՝ փորձելով գործիքներ գտնել տեխնիկան վերանորոգելու համար։ Առաջ շարժվելիս տեսել են իրենց գումարտակի հրամանատար Մնացականյանին՝ կողաշրջված տանկի մոտ, որը նրանց հրամայել է՝ «ձեր տանկի մոտ եղեք»։

Դատախազ Ալեքսանյանը հարցրեց, թե «ուրիշ հայտարարություն չարե՞ց՝ այ գնացեք տանկը բերեք մեզ մոտ, փորձենք նորոգենք՝ առաջ գնանք»։

«Չէ, ասեց՝ տանկի մոտ եղեք»,- պատասխանեց վկան։

Հակոբյանը ցուցմունքում նշեց, որ նախքան այդ դեպքը Գառնիկ Մնացականյանը երկու անգամ փոխել է սեփական տանկը, երբ Ասկերանից շարժվում էին Հադրութի ուղղությամբ, որպեսզի կարողանա շարունակել շարասյան ղեկավարումը։

Ո՞ր ուղղությամբ է կողաշրջվել Մնացականյանի տանկը

Վկան նկարագրեց տեղանքը, որտեղ կողաշրջվել էր Մնացականյանի տանկը:

«Այսպես մի թեթև բլուր կար, այդ բլուրի տակ խորը փոս էր, որտեղ կողաշրջված էր էլի, ոչ թե լրիվ գլխիվայր, շուռ էր եկել դեպի բլուր»,- ասաց նա։

Հանրային մեղադրողը հարցեր էր տալիս Մնացականյանի կողաշրջված տանկի ուղղության մասին, ցանկանում էր իմանալ այդպիսով տանկը կողաշրջվել է՝ առա՞ջ, թե՞ հետ շարժվելիս։

«Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Մնացականյանն ասաց, որ զինվորը ամենը ճիշտ է բացատրում, և նրա պատմածից կարելի է ենթադրել, որ կողաշրջված տանկը վկայում է առաջ շարժվելու մասին։

Մնացականյանի ու շարքային Հակոբյանի հարաբերությունները

Վկան նշեց, որ ծառայության սկզբնական շրջանում առանձնապես լավ հարաբերություններ չի ունեցել Մնացականյանի հետ։

«Բայց հետագայում՝ պատերազմական գործողությունների ժամանակ, շատ դրական հարաբերություններ եմ ունեցել։ Էականորեն փոխվել է իմ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Մնացականյանը միշտ ավելի համարձակ է եղել, դուխ է տվել և միշտ ամենավերջում է դուրս եկել տեղից»,- ասաց նշանառու-օպերատորը։

Հակոբյանը վկայեց, որ կոնկրետ այդ երթի ընթացքում էլ Մնացականյանի մոտ վախ կամ հրաման չկատարելու մտադրություն չի նկատել։

Վկան լսել է, որ Ջալալ Հարությունյանը ապտակել է Գառնիկ Մնացականյանին

Հանրային մեղադրող Ալեքսանյանը հարցրեց, թե արդյոք լսե՞լ է օպերացիայից հետո Ջալալ Հարությունյանի ու Գառնիկ Մնացականյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։

«...Դրանից հետո իմացել եմ, որ [Ջալալ Հարությունյանը] ինչ-որ ապտակել է պարոն Մնացականյանին, այդպես եմ լսել»,- պատասխանեց վկան։

Դատախազի հարցին, թե որն է պատճառը, Հակոբյանը ասաց, որ տեղյակ չէ. «Չգիտեմ, զուտ իմացել եմ, որ ապտակել է, բայց թե ինչ պատճառով է ապտակել, չեմ իմացել»։

2023-ի նոյեմբերի 8-ին հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։ Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ՝ հակահարձակման ժամանակ նա գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։

«Մոտ ինը տանկ է տեղ հասել»

«Որոշակի տարածքով թշնամին առաջ է եկել, պետք է հետ մղեինք։ Մեզ ասել են, որ տանկային բրիգադի հետ միասին պիտի հարձակողական գործողություն  կատարենք»,- պատասխանեց վկան՝ հարցին, թե ինչ խնդիր են ստացել։

Ըստ տանկիստի՝ հոկտեմբերի 7-ին իրենց նստեցման շրջանից՝ Ասկերանից, 21 տանկից Տողի լացակայան է հասել մոտ ինը, որտեղ իրենք լիցքավորել են տեխնիկան, և իր կարծիքով, առաջ՝ մարտական գործողությունների վայր է հասել հենց ինը տանկ։

Հակոբյանը նշեց, որ մնացած տանկերը խափանում են ունեցել։

«Որովհետև այդ ճանապարհը շատ երկար էր էլի, մեր տանկերն էլ հին տանկեր էին, նախորդ պատերազմի ժամանակվա, ես նույնիսկ զարմացա, որ այդքան էլ եկան»,- ասաց Հակոբյանը։

Վկան հաստատեց, որ հրամանատարական կազմի կողմից դիտավորյալ գործողություն չի եղել, որ տանկերը հատուկ տեղ չհասնեն։

Ձախողված բանակային հակահարվածի ժամանակ «Ցոր»-ի մեկ տանկ խոցվել է և զոհվել է էկիպաժը՝ երեք հոգի։ Ըստ Գառնիկ Մնացականյանի՝ իր գումարտակը հարավում ընդհանուր չորս տանկ է կորցրել։

Հակոբյանը նաև ասաց, որ իր հաստիքային տանկը շարժիչի խնդրի պատճառով գտնվում էր վերանորոգման գումարտակում՝ «Ռեմբատում»։ Միաժամանակ, քանի որ վաշտի հրամանատար Արամայիս Գրիգորյանի տանկի նշանառու-օպերատորը շատ բարձր ջերմություն է ունեցել, ինքն է նստել այդ տանկը՝ որպես նշանառու-օպերատոր։

Կրկին անորակ յուղի մասին

«Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը վկային հարցրեց, թե երբևիցե պատերազմից առաջ լսե՞լ է, որ տանկերի համար ուղարկված յուղը անորակ է, և այդ պատճառով ինչ-ինչ սահմանափակումներ են մտցվել զորավարժություններին տանկերը ներգրավելու վերաբերյալ։

Վկա Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չունի։

Աշոտ Ապրեսյանը (աջից) և իր վստահորդը (ձախից)՝ «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը։

Ավելի վաղ տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ փաստաբան Ապրեսյանն ասել էր, որ պատերազմից առաջ Ստեփանակերտի «Ցոր» զորամասը ստացել է գրավոր կարգադրություն, որ անորակ յուղի պատճառով չօգտագործեն զրահապատ տեխնիկան, ինչի պատճառով ո՛չ մարտական հրաձգություններ են կատարել, ո՛չ էլ մարտական մեքենավարում։

«Որոշակի հատվածում քնել եմ տանկի մեջ»

Դատավարության մասնակիցների հարցերին, թե ինչ է տեսել ճանապարհին դեպի Հադրութի շրջան երթի ժամանակ, տանկիստ Հակոբյանն ասաց, որ «կարող է չհավատաք, բայց որոշակի հատվածում քնել եմ տանկի մեջ»: Պատճառը, ըստ վկայի, այն էր, որ երկար ու ծանր երթից բացի, պատերազմից առաջ հաճախ օրապահի պարտականություններ էր կատարում, քանի որ իր հաստիքային տանկը գտնվում էր վերանորոգման մեջ։

Լեել Թեփեի օպերացիայի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։

Տե՛ս նաև՝ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում