Տերևների այրումն էականորեն ավելի վտանգավոր է, քան շինարարական փոշին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։ Նա նշել է, որ այդ նյութերի այրումից առաջացած վնասը գերազանցում է անգամ շինարարական փոշու ազդեցությանը։
«Նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Ուզում եմ նաև արձանագրել, որ ինչը, միգուցե, շատ դեպքերում սովորական էր թվում տասնամյակներով, և մենք չենք խոսել դրա մասին, հիմա պետք է որոշակի անդրադարձ ունենանք»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ բակերում տերևներ և աղբ այրելը ուղղակիորեն թունավորում է բնակիչներին, երեխաներին և շրջակա միջավայրը։ Նա ընդգծել է, որ ձմռան ամիսներին, երբ օդի շարժը դանդաղ է, տոքսիները ժամերով մնում են օդում, ինչը հանգեցնում է օդի որակի կտրուկ վատթարացման։
«Երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, դա մոտ երեքից հինգ անգամ ավելի նվազ վնասակար է։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ ավանդույթային բաներ կան, որոնք սովորական են դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն»,- նշել է նա։
Ավինյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել այս երևույթի դեմ պայքարելու համար, քանի որ նոյեմբերից սկսած Երևանում արձանագրվում է օդի որակի վատթարացում՝ հասնելով անառողջ ցուցանիշների։
Թեմա
Civilnet










