Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու վերաբերյալ՝ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ 2 տարվա փոխարեն 1 ու կես տարի կծառայեն 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները։
«2025-ի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026-ի հունվարի 7-ից, որի արդյունքում 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ներկայացրեց պաշտպանության նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ ծառայության ժամկետի կրճատումը չի բարձրացվելու 2026-ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ»,- ասաց Պապիկյանը։
Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։
Civilnet











