Արտաքին գործերի նախարարությունը խուսափում է հստակ պատասխանել հարցին՝ արդյոք քննարկվում է սիրիացի վարձկանների փոխանակումը Բաքվում պահվող հայ գերիների հետ։
2021-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան երկու ահաբեկիչներին՝ Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին, դատապարտեց ցմահ ազատազրկման։
ՍիվիլՆեթը գրավոր դիմել էր ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների օրակարգում ներկայում քննարկվո՞ւմ է վերոնշյալ երկու դատապարտյալների՝ Բաքվում պահվող հայ գերիների և (կամ) պահվող այլ անձանց հետ փոխանակման հարցը։ Հետաքրքրվել էինք նաև՝ 2021-ից ի վեր երբևէ այդ հարցը քննարկվե՞լ է։
«Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց խնդրի հասցեագրումը շարունակում է լինել առաջնային օրակարգում, հարցի դրական հանգուցալուծման ակնկալիքով քննարկվում են տարբեր լուծումներ»,- նշել են ԱԳՆ-ից։
Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիները շարունակում են պատիժ կրել Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ավելի վաղ այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել էին արդարադատության նախարարությունից։
Կարդացեք նաև՝
Civilnet











