«Փողեր Հիտլերից». չեխ գրող Ռադկա Դենեմարկովան Հոլոքոստից հետո՝ Հոլոքոստի մասին

«Ես պիտի ցույց տամ ցավոտ տեղը, ոչ թե բուժեմ այն, ես հենց ցավն եմ, ոչ թե բժիշկը»։ Չեխ գրող Ռադկա Դենեմարկովան «Փողեր Հիտլերից» գրքով պատմում է Չեխիայի պատմության մի դրվագի մասին, որը մնաց քսաներորդ դարի մեծ ողբերգությունների ստվերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո համակետրոնացման ճամբարներից մի կերպ կենդանի դուրս պրծած հրեաները վերադառնում են տուն, բայց բացահայտում են, որ իրենք էլ տուն չունեն։ Պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո գերմաներեն խոսելը միայն հերիք էր նացիստ կոչվելու համար։ Աուշվիցի վառարաններից փրկված հրեաներին չներվեց գերմանալեզու լինելը։

Հեղինակը ցույց է տալիս, թե ինչ աղետներ կարող է պատճառել հավաքական մեղքի զգացումը։ Պատմական անարդարություններն իրականացրել են մի խումբ մարդիկ՝ չի կարելի մեղադրել մի ամբողջ ազգի։ Հավաքական մեղքը նոր արհավիրքներ է բերում։ Չեխերենից գիրքը թարգմանեց Մարիամ Մանսուրյանը, լույս ընծայեց «Էջ» հրատարակչությունը։ ՍիվիլՆեթը զրուցելը է վեպի հեղինակ Ռադա Դենեմարկովայի հետ։
Կարծում եմ՝ շատերը չգիտեն, թե Երկրորդ համաշխարհայինից հետո Չեխիայում ինչ վերաբերմունք կար Գերմանիայի հետ նույնացվող մարդկանց նկատմամբ։ Կպատմե՞ք սրա մասին։ Ձեր պատմությունը իրական պատմական տվյալների վրա՞ է հիմնված, թե՞ տեղ-տեղ գեղարվեստական չափազանցում է։
Վեպը հիմնված է իրականության վրա։ Այնտեղ, որտեղ ես եմ ծնվել, չեխերը, գերմանացիները և հրեաները դարեդար ապրել են իրար կից։ Համակեցությունն ավարտվեց քսաներորդ դարում։ Պատճառը հավաքական մեղքի զգացումն էր։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Բոհեմիայում և Մորավիայում միլիոնավոր գերմանացիներ էին ապրում։ Պատերազմից հետո Գերմանիայի հանդեպ համատարած թշնամանք սկսվեց։
«Պրահան ներծծել է մարդկային մաշված ձայներն ու սառեցնում է դրանք իր կպչուն փորոտիքում։ Անամոթաբար դարձնում է իր քարե երեսն ուղիղ դեպի արևը, սադրիչ կերպով հանում է սև ակնոցն ու դեպի շողքն է հառում մերկացած սպիտակությունը»։
Հաճախ քաղաքական վերանայումները ջնջում են նաև անցանկալի պետության կամ ժամանակաշրջանի մշակութային ներդրումը։ Ի՞նչ եղավ չեխական մշակույթում գերմանական ներդրման հետ։
Այն պարզապետս ժխտվեց։ Այնուամենայնիվ, պարադոքսալ է, որ հրեական ծագում ունեցող գերմանախոս Կաֆկան պիտի դառնար Չեխիայի հետ նույնացվող ամենակարևոր գրողներից մեկը։
«Կիսակոտրված կաղնեփայտե պահարանում գտան կապույտ զգեստով կնոջն ու բռնաբարեցին։ Գնդացիրով։ Ուզում եմ զամբիկի պես կատաղի ծիծաղել։ Ծաղկավոր ձեռքը լռում է։ Նրան պատել են ամոթն ու վախը, որ միշտ պատում են զոհի, այլ ոչ՝ մեղավորի սիրտը»։

Ի՞նչ քաղաքական հետևանք ունեցավ Երկրորդ համաշխարհայինից հետո գերմանացիների զանգվածային տեղահանումը։
Գերմանացիների տեղահանման արդյունքում ստեղծվեց մի մթնոլորտ, որում կարելի էր վերացնել քաղաքական հակառակորդներին առանց աղմուկ հանելու, մթնոլորտ, որում կարելի էր հեշտությամբ շրջանցել օրենքներն ու անցնել բոլոր սկզբունքների վրայով։ Սա է զանգվածային տեղահանման բարոյական հետևանքը։ Եթե որևէ մեկին կարելի է պատժել ազգային պատկանելության համար, ապա ավելի ուշ կարելի է նաև պատժել որոշակի հասարակական կամ քաղաքական առնչության համար։ Ապագան մերժելու է հավաքական մեղքի հայեցակարգը։ Մենք սրանով չենք հպարտանալու։
Այնուամենայնիվ, սրա մասին շատ չի խոսվում։ Ինչո՞ւ։ Ուզում եմ նաև պատմեք՝ այս տխրահռչակ իրադարձությունները միայն Մորավիայում և Բոհեմիայո՞ւմ էին եղել, թե՞ հակագերմանական սուր տրամադրությունները համատարած էին։
1945-ի դեկտեմբերից 1946-ի դեկտեմբերի միջակայքում Բոհեմիայի և Մորավիայի գերմանական բնակչության մեծ հատվածի կազմակերպված տեղահանումը հիմնված էր ազգ-պետություն գաղափարախոսության վրա։ Սա այդ ժամանակվա մեծ ուժերի կամքն էր։
Գերմանացիներին վայրի սպանդի ենթարկեցին։ Այս ամենաթողությունը նախանշեց 1948-ի փետրվարի կոմունիստական հեղաշրջումից հետո չեխ բնակչության էթնիկ զտումները։ Չեխ-գերմանական հարաբերությունների թեման ընդհուպ մինչև 1990-ականները խորապես տաբուացված էր Չեխիայի տարածքում։ Գերմանացիների վտարման հետևանքով Գերմանիան սկսեց դիտարկվել որպես հնարավոր ռևանշիզմի աղբյուր։ 1948-ը և 1968-ին ԽՍՀՄ զորքերի ներխուժումը Պրահա հետ պտտեց արդարադատության անիվը մի քանի հարյուր տարով։
Պատերազմի ավարտով ու դրանից հետո գերմանացիների բռնի տեղահանմամբ տառապանքը չավարտվեց։
Այո, Չեխոսլովակիայում ստալինիզմը ծաղկունք էր ապրում՝ անկախ նրանից, թե ինչ էր կատարվում ԽՍՀՄ-ում։ Մարդիկ ի վիճակի չէին իրենց կյանքն ապրելու։ Ստալինը պաշտամունք էր այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ ինքը զանգվածային սպանդի հեղինակ էր։ Այն սերունդը, որ ժամանակին պաշտպանել էր նրան 1968-ին, ասաց. «Երիտասարդ ժամանակ մենք որոշ սխալներ ենք թույլ տալիս»։ 1989 -ին այս երբեմնի երիտասարդները ներթափանցեցին խորհրդարան ու բիզնես ոլորտ։ Իսկ ի՞նչ եղավ այդ հազարավոր չապրած կյանքերի հետ։ Զոհերը ստիպված էին լռել, և նույնիսկ այսօր ոչ ոք առանձնապես հետաքրքրված չէ ողջ մնացածների վկայություններով։ 1989-ին (Թավշյա հեղափոխություն Չեխիայում) այս ամենը մոռացվեց, ասես երբեք էլ չէր եղել։ Գերմանացիները վտարված էին, հրեաները կամ մահացած, կամ աքսորում։
«Պատռել, զրոյից սկսել, պատռել ու գրի առնել նրանց ճակատագրերը, մաղել ոսպի պես, գցել եռացող ջրով լի մեծ կաթսայի մեջ, գրկել սնկերով զամբյուղը, պատռել ու դեռ չէ, դեռ չէ, ես դեռ չեմ ուզում»։
«Հոլոքոստ Հոլոքոստից հետո» տերմինը Ձե՞րն է։
Այո, միտքը իմն էր։ Չափազանցության կարիք կար, որովհետև չեխերն իրենց դիրքավորում են որպես զոհեր և վերջ։ Նրանք հրաժարվեցին ընդունել մեղքի իրենց չափաբաժինը։ Համակենտրոնացման ճամբարներից մի կերպ կենդանի դուրս պրծած հրեաները վերադարձան տուն, բայց գերմաներեն խոսելու փաստը միայն հերիք էր, որ նրանց նացիստներ անվանեին ու կրկին բանտարկեին։
Եվրոպան իր տրավմաներն ունի։ Եվրոպայի օդը ծանրաբեռնված է այդ տրավմաներով։ Սկանդալային փաստ է, որ նման բանը Եվրոպայում է պատահել, որ մենք սա թույլ ենք տվել։ Մենք, իրոք, թույլ ենք տվել։
Հրեշավորություն է, երբ մարդիկ ասում են, թե մեծագույն ոճիրը Հոլոքոստն էր, ասես ուրիշ ցեղասպանություններ տեղի չեն ունեցել։ Յուրաքանչյուրի տառապանքը հավասարապես ծանր է ինձ համար։ Ոչ մի տառապանք ավելի ծանր չէ, քան մեկ մարդու միայնակ տառապանքը։ Ողջ տիեզերքը ի վիճակի չէ ապրելու այն տառապանքը, որ ապրում է մեկ մարդը։
«Ախր ես Գիտա Լաուշմանովան եմ։ Այն մարդու աղջիկը, որին քշեց-տարավ քամին։ Տարավ գազախցիկ, որտեղ երևակայական գլխարկը հանելով՝ իր հերթը զիջելու էր ավելի տարիքով մարդուն. թող իրենից առաջ գնա, ձեզանից հետո, հարգարժան պարոն։ Ես Գիտա Լաուշմանովան եմ»։
Փաստացի սա հրեաների կրկնակի զոհականացո՞ւմ էր։
Այո, մենք չենք խոսում դրա մասին, քանի որ մենք՝ չեխերս, մասնակցել ենք դրան։ Հրեաները կարող էին խուսափել հուդայականությունից, բայց սեփական հրեականությունից, հետևաբար նաև Աուշվիցից, հետևաբար նաև կրկնակի զոհականացումից՝ ոչ։
Ես հրաժարվում եմ ընթերցողներիս մատուցել այն միֆերը մեր մասին, որ բոլորս շատ սիրում ենք։ Գիրքը փոթորիկ առաջացրեց, քանի որ ես նկարագրեցի չեխական անհագությունը, չեխական դաժանությունը։ Նրանք յուրացրին հրեաների սեփականությունը, այն հրեաների, որոնց մարմինները մնացել էին Աուշվիցի վառարաններում։
Պատմության այս դրվագը Թավշյա հեղափոխությունից՝ Հավելի իշխանության գալուց հետո, դարձավ հանրային խոսույթի մաս։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։
Այո, 1989-ից հետո Հավելը ներողություն խնդրեց անմեղ գերմանացիների բռնարտաքսման համար։ Բայց անգամ այդ ժամանակ հրեական ծագում ունեցող գերմանացիների անունները չհիշատակվեցին։ Շատերը Հավելին հենց այս պատճառով են ատում։ Այս հարցն այսօր էլ է տաբուացված։
Այսօր ես կդժվարանամ պատկերացնել, որ կար ժամանակ առանց Խարտիա 77-ի։ Այն կոմունիստական շրջանում համերաշխության առաջին լուրջ ակտն էր։
Միլան Կունդերան ու Վացլավ Հավելը անհամաձայնություն ունեին։ Կունդերան թերահավատորեն էր մոտենում այն նախաձեռնություններին, որոնք իրենք իրենցով տվյալ պահին արդյունք տալ չէին կարող, փոխարենը Հավելը հավատում էր, որ որոշ բաներ պետք է անել ուղղակի սկզբունքից ելնելով։ Խոսքը պարբերաբար ստորագրահավաքներ իրականացնող քաղաքացիների մասին էր։ Երբ նախկին բանտարկյալները ազատվեցին, նրանք խոստովանեցին, որ այդ ստորագրահավաքներն ապարդյուն չէին։ Դա ավելի բարձրարժեք բան էր, քան նրանց անազատության մեջ լինել-չլինելը։ Գիտակցումը, որ մարդիկ գիտեին իրենց մասին, ու որ թեկուզ մեկնումեկը ազատության մեջ ընտրել է իրենց կողքին կանգնել, որ այդ ինչ-որ մեկը առանց վարանելու որոշել էր հոգ տանել իրենց մասին, անչափելի արժեք էր նրանց համար։ Քաջությունը սա է։ Անգամ գրականության մեջ ճշմարտությունից չվախենալը քաջություն է։
Իսկ գեղարվեստական գրականության մեջ Չեխոսլովակիայից գերմանացիների վտարման թեման բավականաչափ արծարծվա՞ծ է։ Չեխերը առերեսվե՞լ են պատմության այս դրվագին, հաշտվե՞լ են սրա հետ։
Չեխական գրականության մեջ կան այս թեմայով գրքեր, բայց էլի ես տխրում եմ, երբ սև ու սպիտակ մտածողություն եմ տեսնում՝ չեխերը չարիք են, գերմանացիները լավն են։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես՝ որպես գրող, միշտ զոհի կողմից եմ։ Ինձ չի հետաքրքրում զոհի ազգային պատկանելությունը։ Եթե գոնե մեկ անմեղ կյանք ընհատվել է, ես պիտի խոսեմ այդ կյանքի մասին։ Ոչ ոք չհաղթեց պատերազմում։ Պատերազմում հաղթողներ չկան։
Պատկերացնո՞ւմ էիք, որ ընթերցողին կարող էր զայրացնել Հոլոքոստը գերմանացիների տեղահանմանը հավասարեցնելու փորձը։ Ի՞նչ արձագանք ունեցավ։
Քսաներորդ դարը դեռ չի ավարտվել։ Մեր պահարաններում դեռ բազմաթիվ կմախքներ կան։ Ես հերթով վերցնում եմ դրանք ու պահում լույսի տակ։
Մենք հաճախ ենք լսում այն կլիշեավորված միտքը, թե հույսը երեխաներինն ու ջահելներինն է, բայց չէ, ճիշտ չէ, երեխաներին ծնողներն են մեծացնում, նրանք երեխաներին են փոխանցում իրենց բոլոր նախապաշարմունքները։ Ես պիտի ցույց տամ ցավոտ տեղը, ոչ թե բուժեմ այն, ես հենց ցավն եմ, ոչ թե բժիշկը։
Ես ուզում էի որ այս գիրքը կոկորդին մնացած ձկան փուշ լիներ, ոչ թե քաղցրավենիք։ Ես ուզում էի պատմել հետպատերազմական Չեխիայում տեղի ունեցած այս մեծ անարդարության մասին։
«Տիկին Գիտա Լաուշմանովան մահացավ թղթերի վրա։ Ծննդյան և մանկության մասին կիսատ գրված գլխի վրա։ Այն գրառման վրա, որով խնդրում էր երկարացնել ժամանակը։ Ամբողջ կյանքն ապրել էր ամոքիչ մահվան սպասումով, իսկ ամենավերջում գոչեց՝ դեռ ոչ։ Վերջում Բանն էր»։
Գլխավոր հերոսն իր երջանիկ վերջաբանը չունեցավ։ Ինչո՞ւ։
Որովհետև հասարակությունը պատրաստ չէր ընդունել մեղքի իր չափաբաժինը։ Երբ ինչ-որ բան փորձում են դուրս մղել, թաքցնել հաստ գորգի տակ, այն կփտի, հասարակությունը կհիվանդանա ու չի կարողանա առաջ շարժվել։ Մենք դեռ ոչինչ չենք մարսել, մենք դեռ իրերին անուններ չենք դրել։
Գլխավոր հերոս Գիտա Լաուշմանովան վերադառնում է տուն՝ միայն բացահայտելու, որ տունը արդեն չկա։ Սկզբից հրեայի պիտակն էր կրում, հիմա գերմաներեն խոսելու պատճառով՝ նաև նացիստի։ Ու սա ձգվում է իր ամբողջ կյանքով մեկ։ Իմ վեպի գլխավոր հերոսը չի հասկանում այն ժամանակը, որում ապրում է, չի հասկանում, թե ինչու է պարբերաբար պատժվում։
Քսաներորդ դարը զոհերի դար է։
Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը
Civilnet










