Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ցանկալի տարբերակ» է համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ամբողջական պետականացումը։ Սա ենթադրում է, որ ենթակառուցվածքը պետական սեփականություն է և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից՝ կառավարության վերահսկողության ներքո։ Այս մասին վարչապետը հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ այդ դեպքում ֆինանսական հարցեր կան։ Գնից է կախված՝ կառավարությունը կգնի ՀԷՑ-ը, թե ոչ։
«Եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետև, այնուամենայնիվ, ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարումը փաստացի պետական բյուջեից ծախս է։ Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք»,- ասաց վարչապետը։
Հաշվի առնելով մասնավորի կառավարման փորձը, ինչի հետևանքով ՀԷՑ–ի «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցվեց, Փաշինյանը Պետրոսյանին հորդորեց՝ «լավ ուսումնասիրել բոլոր հանգամանքները և վերջնական որոշում կայացնել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի և կառավարության հետ խորհրդակցելուց հետո»։
Փաշինյանը նաև կոչ արեց Ռոմանոս Պետրոսյանին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել սպառողների իրավունքների հետ կապված նախորդ շրջանի բացթողումներին, «որպեսզի քաղաքացիները զգան փոփոխությունների դրական ազդեցությունն իրենց վրա»։
Նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։
Civilnet











