Հայաստանի տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին աճել է 10,1 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է երկնիշ աճ՝ կազմելով է 10,1 տոկոս: Չնայած տարեկան կտրվածքով գրանցված այս բարձր ցուցանիշին, նախորդ ամսվա՝ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է որոշակի նվազում՝ 4 տոկոսի չափով։
Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, տարվա առաջին տասն ամիսների՝ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի տվյալներով տնտեսական ակտիվությունն աճել է 8,1 տոկոսով:
Հոկտեմբերին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը եղել են իրական հատվածի մի քանի առանցքային ճյուղեր։ Ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում, որտեղ ծավալներն ավելացել են 20,1 տոկոսով: Շինարարությանը հաջորդում է արդյունաբերությունը՝ 17,9 տոկոս աճով։ Ծառայությունների ոլորտը նույնպես դրսևորել է դրական դինամիկա՝ գրանցելով 12,8 տոկոս աճ։
Ի հակադրություն վերոնշյալ ոլորտների՝ ներքին առևտրի շրջանառության աճի տեմպերը եղել են բավականին համեստ՝ կազմելով ընդամենը 1 տոկոս։
Արտաքին հատվածում պատկերն այլ է։ 2025-ի հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 16 տոկոսով՝ կազմելով 1,9 մլրդ դոլար։ Անկումը պայմանավորված է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալների նվազմամբ։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 21,8 տոկոսով՝ կազմելով 744 մլն դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 11,9 տոկոսով՝ հասնելով մոտ 1,2 մլրդ դոլարի։Սպառողական շուկայում գնաճային միջավայրը մնում է կառավարելի սահմաններում։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,7 տոկոս, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով միջին գնաճը Հայաստանում կազմել է 3,3 տոկոս:
Թեմա
Civilnet










