«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհն ավելի է ուժգնանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորը գրառմանը կից կադրեր է հրապարակել հրդեհի վայրից։
Դանիելյանը մտահոգություն է հայտնել, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին:
«Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:
Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների: Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»,- գրել է պատգամավորը:
Գեղարքունիքում և Տավուշում հինգերորդ օրն է` շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Դրանցում ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, ոստիկանության 10 ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։
Civilnet











