Գլխավոր Լրահոս

«Դասագրքերի վերանայումը կարևոր դեր ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում»

«Դասագրքերի վերանայումը կարևոր դեր ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում»

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է մտավախությունները, թե «Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման և աջակցության» հայեցակարգը գրաքննության փորձ է։ ՍիվիլՆեթի եթերում նախարարը շեշտում է՝ հայրենիքի և պետության նույնականացմանը միտված այս նախաձեռնությունը երկրի ճանաչողության միջոցով խաղաղության հասնելու ուղիղ ճանապարհն է։

Անդրեասյանը հերքում է մշակութային ոլորտում գրաքննություն մտցնելու վերաբերյալ մտավախությունները՝ միաժամանակ հայտարարելով, որ կառավարության մշակած հայեցակարգը նպատակ ունի պետական ռեսուրսները կենտրոնացնել պետականության ամրապնդման և ներկայիս տարածքային իրողությունների ճանաչողության վրա։ 

«Մենք խոսում ենք մեր պետականության ամրապնդման մասին…, և սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք տեսնել՝ որն է այն բովանդակությունը, որը աջակցում է այս օրակարգերին, և պետության ֆինանսավորումը ուղղենք այդտեղ։ Խոսքը վերաբերում է այն ծրագրերին և այն ուղղություններին, որոնք պետք է խրախուսվեն պետության ֆինանսավորմամբ», - նշում է ԿԳՄՍ նախարարը։

«Հայացք դեպի ներս»

2025թ. սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ դրեց «Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման և աջակցության» հայեցակարգը։ Փաստաթղթի հակիրճ բնութագրում նշվում է. «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»։

Հրապարակումից հետո նախագիծը լայն արձագանք գտավ՝ կապված ազգային խորհրդանիշների և պատմական հիշողության վերաիմաստավորման հետ։ Նախարան այդ մտավախություններն անվանում են անհիմն՝ նկատելով, որ խոսքը հայրենաճանաչության մասին է: 

«Ցավոք, տարիներ շարունակ մենք ավելի շատ ոչ թե պատմություն ենք սովորել, այլ այդ պատմության որոշակիորեն հասկացված և դոգմատիկ ներկայացումը... Հայրենաճանաչությունը, որը հայրենասիրության հիմքն է, պետք է սկսել հենց սեփական տնից, բակից, համայնքից... [որպեսզի] Հայաստանի Հանրապետությունը դառնա հենց այստեղ տեղի ունեցող և հենց այստեղ մեզ շրջապատող իրականություն», - նշում է Ժաննա Անդրեասյանը։

Պետական պատվեր՝ առանց գրաքննության

Անդրադառնալով քննադատություններին, թե նոր մոտեցումը հիշեցնում է խորհրդային «Գլավլիտը» (գրաքննության մարմին), Անդրեասյանը նշում է, որ խոսքը ոչ թե ստեղծագործական ազատության սահմանափակման, այլ պետական ֆինանսավորման առաջնահերթությունների հստակեցման մասին է։

«Խոսքն ամենևին չի վերաբերում որևէ մեկի ստեղծագործական անկախությանը, ազատությանը... Որևէ գրաքննություն չի կարող լինել, ես ինքս խորապես դեմ եմ ցանկացած գրաքննության, բայց պետությունը պիտի ունենա քաղաքականություն: Մենք պետք է կարողանանք դիտարկել այն, ինչ ունենք, և հասկանալ՝ մեր պետականության պայմաններում մեր ունեցած բովանդակությունը դրան աջակցո՞ւմ է, թե՞ ոչ։ Խոսքը վերաբերում է այն ծրագրերին, որոնք պետք է խրախուսվեն պետության ֆինանսավորմամբ», - ասում է նախարար Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ ռազմավարության առանցքում պետք է լինեն նաև մարզային մշակութային կյանքի ակտիվացումը և երկրի պատշաճ ներկայացումը միջազգային հարթակներում։

Ինքնություն և խորհրդանիշներ

Հայեցակարգի շուրջ բանավեճը ներառում է նաև Արարատ լեռան (պատմական խորհրդանիշ) և Արագածի (Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթ) հակադրության թեման։ Թեպետ Արարատ լեռը շատերի համար ազգային խորհրդանիշ ու ինքնության կարևոր բաղադրիչ է, նախարար Անդրեասյանը շեշտում է, որ հասարակության ինքնության հիմքը պետք է լինի պետությունը։

«Մեր ինքնությունն առաջին հերթին պիտի լինի մեր պետությունը, որովհետև մեր պետությունն է, որի շնորհիվ մենք՝ որպես հասարակություն, կարող ենք ինքնակազմակերպվել և ինքնիշխան գոյություն ունենալ»,- նշում է նախարարը՝ հավելելով, որ պատմական խորհրդանիշների ընկալումը ժամանակի ընթացքում դինամիկ փոփոխությունների է ենթարկվել։

Նախարարը բերել է դպրոցական կրթության օրինակը՝ նշելով, որ աշակերտները հաճախ նկարում են ստանդարտացված բնապատկերներ՝ չճանաչելով և չպատկերելով իրենց անմիջական շրջակա միջավայրը, տունն ու համայնքը։ «Մենք խոսում ենք այն մասին, որ հայրենաճանաչությունը պետք է սկսել հենց սեփական տնից և բակից»,- ընդգծում է նա։

Պատմական հիշողություն և խաղաղության օրակարգ

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր հայեցակարգը միտված է զսպելու պատմական պահանջատիրությունը և հարմարվելու տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Անդրեասյանը հերքում է, թե դա արվում է Ադրբեջանի պահանջով։

«Այս հայեցակարգը Ադրբեջանի մասին չէ, այն մեր մասին է»,- ասել է նախարարը։

Նա նաև հավելում է, որ կրթական համակարգը և դասագրքերի վերանայումը կարևոր դեր ունեն տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ պատմությունը պետք է ուսումնասիրել քննական հայացքով, այլ ոչ թե դոգմատիկ մոտեցումներով։

Ինչ վերաբերում է Արցախի մշակութային ժառանգությանը, նախարարը վստահեցնում է, որ պետությունն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության, այդ թվում՝ բարբառների և ավանդույթների պահպանմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում