Փրկարարական սարքերի փոխարեն՝ մոտոցիկլետներ պարեկներին

Կառավարությունը նոյեմբերի 27-ին ընդունեց Ներքին գործերի նախարարության բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և հատուկ սարքավորումներ պարեկային ծառայության համար:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՆԳՆ-ն կրճատում է «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով նախատեսված շուրջ 90,5 մլն դրամը: Այս գումարը նախատեսված էր մեդալների տուփերի, ձեռնոցների, հակագազերի, հրդեհաշիջման փրփուրի, փրկարարական և արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքերի, 39 000 լիտր հրդեհի մարման փրփուրի կամ համանման միացությունների, գործիքների հավաքածուների և այլ գործիքների համար, որոնց գնումը հետաձգվում է հաջորդող տարիներին:
Տնտեսված միջոցներն ուղղվելու են երկու հիմնական ուղղությամբ: Նախ՝ պարեկների համար ավելի քան 75 մլն դրամով կգնվի 10 մոտոցիկլետ (մատակարար՝ «Վանիթար» ՍՊԸ): Բացի այդ, ավելի քան 14 մլն դրամ կուղղվի Ջրային պարեկային ծառայության համար 105 քմ շարժական ջրային տախտակամածի գնմանը (մատակարար՝ «Սև-Արտ Գրուպ» ՍՊԸ):
Այս ընկերություններից «Վանիթար» ՍՊԸ-ն փոխկապակցվածություն ունի Սերժ Սարգսյանի եղբոր որդու հետ։ Մասնավորապես, դատախազությունը Նարեկ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության առաջարկում էր բռնագանձել մի քանի գույք, այդ թվում՝ «2021 թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոցի 3-րդ շենքի թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի»։
Գևորգ Թոսունյան
Civilnet










