Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին: Այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ընթացքում:
Նախարարությունից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:
«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»,- ասել է նախարարը:
***
Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Civilnet











