Վարչապետի հետ երեկ՝ նոյեմբերի 27-ին, հանդիպման գնացած եպիսկոպոսները կուսակրոնության ուխտը խախտել են: Այս մասին լրագրողներին այսօր ասել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը:
«Այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետն ԱԺ ամբիոնն օգտագործելով թշնամանք ու ատելություն էր տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատները, որ վարչապետն ասում էր վատ եկեղեցականների հասցեին՝ հենց նրանք էին, որ իր շուրջն էր հավաքել երեկ»,- ասաց Բաղալյանը:
Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին:
Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։
Վրթանես քահանա Բաղալյանն ապօրինություն է համարում առանց կաթողիկոսի գիտության վարչապետի հետ եպիսկոպոսների հանդիպումը:
«Իրենք դրա իրավունքը չունեին: Վարչապետն այդ հանդիպումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն»,- ասաց Բաղալյանը: Ըստ նրա՝ «արդարացի որոշման դեպքում նրանք կարող են կարգալույծ արվել»:
«Եթե ես լինեի Վեհափառ Հայրապետը՝ նրանք երեկ երեկոյան կարգալույծ կլինեին և այս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կօծեի: Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ է, և կարծում եմ, որ կարող է իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե նրանք զղջան»,- ասաց Վրթանես քահանա Բաղալյանը:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվել։
Civilnet











