«Ընդվզած» 9 եպիսկոպոսների հայտնի հայտարարությունից հետո կարծես թե հանգուցալուծման է մոտենում Հայաստանի հետխորհրդային պատմության ամենաաղմկահարույց ներքաղաքական կոնֆլիկտներից մեկը։ Վերջին ամիսներին կտրուկ սրված կառավարություն-եկեղեցի (կամ հոգևորականություն-իշխանություն) հակասությունները ոչ այնքան կողմերի հայտարարած «հոգևոր նորոգման» կամ «ազգային խնդիրների» մասին են, որքան խորքային քաղաքական բախման հետևանք։
Եթե այս լարվածությունը դիտարկենք ոչ թե հուզական-բարոյական, այլ զուտ «չոր» քաղաքական հաշվարկի տիրույթում, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Սա մաքուր քաղաքական գործընթաց է, ինչի վառ ապացույցն է այն փաստը, թե ինչպես էին կողմերը, կախված իրավիճակից, կա՛մ լռում այդ նույն եպիսկոպոսների անվան հետ կապվող աղմկահարույց պատմությունների մասին, կա՛մ, հակառակը՝ թիրախավորում նրանց՝ պայմանավորված տվյալ պահին իրենց դիրքավորմամբ:
Ժամանակը և սիմվոլները
Մեկ քահանայի «ըմբոստությունից» մինչև 9 եպիսկոպոսների հայտարարությունն անցավ ընդամենը 2,5 ամիս։ Այդքան ժամանակ պահանջվեց կաթողիկոս Գարեգին Բ-ի դիրքերը սասանելու համար։ Իսկ երբ տեսնում ենք, թե ինչպես է նախկինում իշխանությունների հետ սերտաճման խորհրդանիշ համարվող արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը նստած Նիկոլ Փաշինյանի դիմաց, պարզ է դառնում՝ այստեղ խոսքը դժվար թե այնպիսի հուզական ու կարևոր երևույթների մասին է, ինչպիսիք հայրենիքը, պետությունն ու Արցախն են։ Դա գուցե տեսանելի չէ միայն նրանց համար, ովքեր ծառերի հետևում անտառը չեն նկատում։
Դժվար է չհամաձայնել, որ եպիսկոպոսներից շատերը, ունենալով քաղաքական հոտառություն, սթափ գնահատեցին կաթողիկոսի շանսերը։ Կաթողիկոսից հեռանալու պահն էլ պատահական չի ընտրված. դա տեղի ունեցավ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Հայաստանի հոգևոր կենտրոնում կաթողիկոսի աջակցությունը վայելող ուժերը պարտվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։ Եթե հաշվի առնենք հարցումները, ապա 60% վստահություն ունեցող եկեղեցուն աջակցող ուժերին հոգևոր կենտրոն Էջմիածնում ընդամենը 15-25% աջակցությամբ (ըստ նույն հարցումների) իշխանության հաղթանակը չէր կարող ազդակ չլինել հոգևոր դասում տատանվողների համար։
Եկեղեցին՝ որպես միակ ոչ լոյալ կառույցը
Քաղաքական ընդդիմության թուլացման ֆոնին եկեղեցին, ըստ էության, դարձել էր իշխանության միակ ինստիտուցիոնալ ընդդիմախոսը։ Բարձրաստիճան հոգևորականները ոչ թե պասիվ, այլ ակտիվ դիրքավորմամբ փաստացի օրհնում էին տարբեր ընդդիմադիր շարժումներ (օրինակ՝ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը) և ներգրավվում դրանց շարքերը։
Սա աննախադեպ իրավիճակ է անկախ Հայաստանի պատմության մեջ։ Եկեղեցին երբեք չի եղել քաղաքական դժգոհությունների կենտրոնացման օջախ, ավելին՝ միշտ մեղադրվել է իշխանության հետ սերտաճման մեջ։ Սակայն այսօր դիրքավորումն այլ է, և իշխանությունը եկեղեցուն ընկալում է որպես պոտենցիալ վտանգավոր հակառակորդ՝ հատկապես 2026-ի կարևորագույն ընտրություններին ընդառաջ։
Ի՞նչ է անում իշխանությունը։ Գործում է «հեռահար» մարտավարությամբ՝ մարելով պոտենցիալ բողոքի օջախները դեռ ձևավորման փուլում։ Մասսաների ճնշմամբ իշխանության եկած թիմը լավ է հասկանում՝ բողոքական տրամադրություններ կան, դրանք աճում են, իսկ իշխանության վարկանիշը՝ նվազում։ Նվազում է վստահությունը ընդհանրապես քաղաքական համակարգի նկատմամբ: Ուստի հյուծված ընդդիմության պայմաններում կառավարող ուժին վտանգը ոչ թե համակարգի ներսում է, այլ դրսում։
Այլ կերպ ասած, իշխանության համար գլխավոր սպառնալիքը ոչ թե «համակարգային ընդդիմությունն» է, այլ այն կետերի (դեմքերի կամ կառույցների) ի հայտ գալը, որոնք կարող են ցրված դժգոհությունը վերածել կազմակերպված շարժման։ Հենց այդ կետերն են չեզոքացվում այսօր։
Որպես վերջաբան
Հնարավոր ռիսկերի կառավարման «հեռահար» մարտավարության մեջ է տեղավորվում նաև ընտրություններից ութ ամիս առաջ ՔՊ նախընտրական շտաբի ձևավորումը։ Կարելի է ենթադրել, որ հայաստանյան քաղաքականության համար այս ոչ սովորական որոշման նպատակն է նվազեցնել անակնկալների հավանականությունը։
Թեև կարճաժամկետ հեռանկարում այս մարտավարությունը կարող է աշխատել՝ հատկապես հանրային ապատիայի հաշվին ապահովելով իշխանության հաղթանակ, սակայն երկարաժամկետ կտրվածքով ռիսկերը մեծանում են։ Այժմ ֆիքսվում է պետական համակարգում իշխող ուժի դիրքերի կտրուկ ամրապանդում, բայց ոչ սոցիալական լեգիտիմության, այլ պետական լծակներին տիրապետելու շնորհիվ: Որքան ցածր է սոցիալական լեգիտիմությունը, այնքան ավելի թանկ է նստում իշխանության պահպանումը՝ կախվածություն ստեղծելով վարչական և ուժային լծակներից։
Արշալույս Մղդեսյան











