Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- նշում են Քննչական կոմիտեից։
Նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին։
***
«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նոյեմբերի 27-ին իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ է շրջանառության մեջ դրել․ մի խումբ եպիսկոպոսներ դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ արք․ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Հայտարարության տակ 13 եպիսկոպոսի անուն կա, որոնցից մի մասը ստարագրել է հայտարարությունը։
Դրանում ասվում է, որ փորձաքննությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արք․ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները:
Մայր Աթոռից հայտնել են, որ այդ հայտարարությունը խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Նշվել է, որ հանձնախումբը որևէ նիստ չի գումարել, հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ կաթողիկոսին ներկայացված եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Հանձնախումբը նաև պաշտոնական դիմում չի կատարել Քննչական կոմիտե՝ վիճելի տեսանյութի փորձաքննության համար։
Նույն օրը նրանքհ անդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։
Civilnet











