Գլխավոր Լրահոս

Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին ապրում է իր դժվար ժամանակներից մեկը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին ապրում է իր դժվար ժամանակներից մեկը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին ապրում է իր դժվար ժամանակներից մեկը․ ներքին տարաձայնությունները, անվստահության մթնոլորտը, իրարից օտարանալու վտանգը, ցավեցնում են մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սիրտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:

«Երբեմն թվում է, թե ձայները շատ են, իսկ լռությունը քիչ, դատողությունը շատ է, իսկ սիրով խորհրդածելը՝ նվազ։ Բայց հենց նաև այս պահի համար է Սուրբ Գիրքը հիշեցնում մեզ. «Ամեն բանի ժամանակ կա և ամեն բան ժամանակ ունի երկնքի տակ»։

Այս ճշմարտությունը վերաբերում է նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որը դարերի ընթացքում անցել է ծանր փորձությունների միջով, մաքառել է դարերի հոլովույթում, սակայն մշտապես մնացել է մեր հավատքի և ինքնության հիմնասյունը։

Հայ Եկեղեցին մեր ոսկեղեն ժառանգությունն է, մեր հոգևոր տունը՝ Աստծո արքայության ճանապարհին, որը բանաստեղծի բառերը կրկնելով` «դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի»»,- գրել է եպիսկոպոս Իսախանյանը։

Նրա համոզմամբ՝ այսօր էլ Եկեղեցին կանգնած է մի շարք ներքին ու արտաքին տագնապների ու դժվարությունների առաջ։ 

«Մենք մի մեծ տուն ենք, որտեղ կարող են լինել և կան անհամաձայնություններ, տարակարծություններ, երբեմն՝ նաև լարվածություն ընտանիքի անդամների միջև։ Ժողովողն ասում է` «Կա քարեր նետելու ժամանակը, և կա քարեր հավաքելու ժամանակը»։ Քարերը նետված են, պետք է գտնել քարերը հավաքելու ժամանակը։ Պահը, որքան էլ փորձություններով լի լինի, կարող է դառնալ նաև փոխադարձաբար իրար լսելու և միասնաբար լուծումներ որոնելու և ամենացավոտ հարցերին պատասխաններ գտնելու առիթ ու ժամանակ»,- գրել է եպիսկոպոս Իսախանյանը։

Ըստ Իսախանյանի՝ եկեղեցու ներսում առաջացած խնդիրները պետք է լուծել ոչ թե բաժանմամբ կամ հակադրությամբ, այլ սիրո, համբերության ու միասնական պատասխանատվության ոգով։

«Ըստ այդմ կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը, խաղաղություն ցանկանալ ոչ միայն խոսքով, այլ մտքով ու գործով, արագ չդատել, այլ երկար խորհել, ամեն հարցում առաջինը փնտրել ոչ թե իր եսը, այլ՝ Աստծո կամքը` «Եղիցին կամք քո...»

Կիրակի է այսօր, Տիրոջ օրն է այսօր։ Եկեք միասին կանգնենք աղոթքի՝ միմյանց համար, մեր Եկեղեցու, մեր Հայրենիքի համար, մեր ժողովրդի համար։ Աղոթենք, որ Աստված առաջնորդի մեզ առաջացած բոլոր խնդիրներին խաղաղության, արդարության, օրինահարգության միջոցով լուծումներ որոնելու և գտնելու ճանապարհով։

Թող Տերը պահի-պահպանի Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում