Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից կոչով դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրել և քննարկել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու պատրաստել Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Հայտարարությունը տարածվել է «Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջում։
«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ։
գ) մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը եւ պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միեւնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս: «Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. ը- 37:39)»,- ասված է հայտարարության մեջ:
***
Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։
Civilnet











