Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ»,- ասաց Արշակ արքեպիսկոպոսը։
Նա ընդգծեց, որ կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը։ Եվ Ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս, եթե կաթողիկոսը որոշի հեռանալ, դա դասալքություն կլինի։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է։ Ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել, կաթողիկոսը ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելության բարձր, չափազանց բարձր գիտակցություն»,- ասաց Արշակ արքեպիսկոպոսը։
***
Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։
Նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն էին արել, որով ակնկալում են կաթողիկոսի կամավոր հրաժարականը։
Civilnet











