Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն և Հայաստանը գործընկերության նոր փաստաթուղթ կստորագրեն. Մարթա Կոս 

ԵՄ-ն և Հայաստանը գործընկերության նոր փաստաթուղթ կստորագրեն. Մարթա Կոս 

Արշալույս Մղդեսյան, Բրյուսել

Եվրամիությունը և Հայաստանը դեկտեմբերի 2-ին կստորագրեն գործընկերության նոր ռազմավարական օրակարգ, որը հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա, ներառյալ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման։ Այս մասին դեկտեմբերի 1-ին Բրյուսելում Հայաստանից ժամանած մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Պատասխանելով ՍիվիլՆեթի լրագրողի հարցին, որը վերաբերում էր այդ փաստաթղթի անվտանգության և պաշտպանական բաղադրիչներին՝ Մարթա Կոսը ներկայացրեց նոր փաստաթղթի կառուցվածքը։ «Նոր ռազմավարական օրակարգում երեք ամենակարևոր հենասյուները կան։ Առաջինը ամրապնդված անվտանգային և պաշտպանական համագործակցությունն է, որը գտնվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի իրավասության ներքո»,- նշեց հանձնակատարը։

Ըստ Կոսի՝ մյուս երկու հիմնասյուներն են ոլորտային համագործակցությունը և վիզաների ազատականացումը։

Եվրամիության աճող ակտիվությունը

Նոր փաստաթղթի ստորագրումը հաջորդում է այս տարվա հունիսին Երևանում՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այցի շրջանակում բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությանը։ Թեև կողմերի հարաբերությունների իրավական հենքը մնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA), նոր օրակարգի անհրաժեշտությունը թելադրված էր 2020-ի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։

Ստորագրվող փաստաթուղթը ոչ թե վավերացում պահանջող նոր միջազգային պայմանագիր է, այլ կողմերի քաղաքական հանձնառությունների ամրագրում։

Վերջին տարիներին ԵՄ-ն շեշտակի ընդլայնել է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Դեռ 2021-ին Բրյուսելը Հայաստանին առաջարկեց 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթ, որից առայժմ նպատակաուղղվել է շուրջ 550 մլն դոլարը։ Տնտեսական աջակցությանը և կարճատև միջնորդական ջանքերին զուգահեռ՝ Եվրամիությունը մեծացրել է նաև անվտանգային ներգրավվածությունը։

Ի պատասխան 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակման՝ ԵՄ-ն նախ ժամանակավոր, իսկ 2023-ի փետրվարից՝ մշտական դիտորդական առաքելություն տեղակայեց հայ-ադրբեջանական սահմանին:

Բացի այդ, Եվրամիությունը Հայաստանին աջակցում է Եվրոպական խաղաղության գործիքակազմով և տրամադրել է 10 մլն եվրո 2024-ին՝ ձեռք բերելու ոչ մահաբեր զինատեսակներ (նույնքան հատկացվել է նաև Ադրբեջանին): 2021-ին ստեղծված Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցություն են ստացել և ստանում այնպիսի երկիրներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան:

Մարտա Կոսի խոսքով՝ անվտանգային համագործակցությունը չի սահմանափակվում ավանդական պաշտպանությամբ, այլ ներառում է նաև պայքար ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության դեմ, որը հայտնի է FIMI (Foreign Interference and Manipulation of Information) հապավմամբ: Ըստ նրա՝ նման օրինակ էր Մոլդովայում կիրառված մոդելը, որտեղ գործում են հիբրիդային արագ արձագանքման թիմեր՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար:

Կոսը նշեց, որ ԵՄ-ն այժմ օգնում է Հայաստանին նախապատրաստվելու 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կամ կիբերանվտանգության հարցերում աջակցելու առումով։

Անդրադառնալով հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ԵՄ գործնական աջակցությանը՝ Մարթա Կոսը հայտնել է 12 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։ Այդ միջոցներն ուղղվում են ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների (FIMI) և կիբերանվտանգության դեմ պայքարին:

Հանձնակատարը պարզաբանել է, որ ծրագիրը փոխկապակցված է ընտրական գործընթացների աջակցության հետ և նպատակ ունի ուժեղացնել պետական ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային վտանգներին։ Կոսը հատուկ ընդգծել է, որ ֆինանսավորումը նախատեսված է ոչ միայն կառավարության, այլև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության համար՝ որպես դիմակայունության ամրապնդման ակտիվ գործընկերներ: 

Տնտեսական դիվերսիֆիկացիա

Եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, որ օրակարգի երկրորդ հենասյունը ոլորտային համագործակցության ընդլայնումն է, որը միտված է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային, կարգավորող դաշտի համապատասխանեցմանը և Եվրամիության «Գլոբալ դարպաս» (Global Gateway) լոգիստիկ նախաձեռնության ներքո նոր ներդրումների ներգրավմանը:

Հայաստանի կապակցվածության օրակարգի շրջանակում նա հիշատակեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որի նպատակն է «Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը միացնելով՝ ապահովել էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն և փոխշահավետ միջպետական փոխանակում տարածաշրջանում»: 2015-ին Երամիության աջակցությամբ մեկնարկած ծրագիրը, որի իրագործման վերջնարդյունքում Հայաստանը Վրաստանին կապող նոր 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ պետք է կառուցվեր, դեռ մրցութային գործընթացի ընդհանրացման փուլում է՝ չնայած կառուցապատման ավարտի ժամկետը նախատեսված էր 2020-ը:

Ծրագրի իրագործման նպատակով ֆինանսական միջոցների հատկացման մասին հայտարարել են նաև Հայաստանի իշխանությունները: 2026 թ. պետական բյուջեով Հայաստան-Վրաստանէլեկտրահաղորդման գծի շինարարության շարունակման համար կծախսվի 48,4 մլրդ դրամ, հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Մարտա Կոսի խոսքով ֆինանսավորման ծավալը կարող է հասել կես մլրդ եվրոյի: «Դա 500 միլիոնանոց ներդրում է էլեկտրացանցի համար՝ ձեր էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ ծրագրի իրագործման նպատակով աշխատում են միջազգային ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես՝ գերմանական KfW բանկի։
Մարտա Կոսը հայտնեց, որ Եվրամիությունն այժմ աշխատում է նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի ուղղությամբ. «Ինչո՞ւ. որպեսզի դուք (Հայաստանը) ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»։ Նա բերեց Ռուսաստանից Եվրամիության էներգետիկ կախվածության օրինակը, որն ուկրաինական պատերազմից հետո կտրուկ նվազել է:

Վիզաների ազատականացում

Հայաստան-ԵՄ օրակարգի երրորդ հենասյունը վիզաների ազատականացման գործընթացն է։ ՍիվիլՆեթի հարցադրմանը, թե հատկապես միգրացիայի հարցում Եվրոպայում փոփոխվող քաղաքական մթնոլորտը որքանով կարող է խոչընդոտել այդ հեռանկարին՝ անգամ, եթե Երևանը կատարի վերջերս հայկական կողմին փոխանցված ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով պահանջվող բոլոր բարեփոխումները՝ Մարթա Կոսն ընդգծեց, որ դա երկարատև ճանապարհ է և չի կարող կյանքի կոչվել շատ հապճեպ:

«Վիզաների ազատականացումը չի նշանակում պարզապես թույլ տալ ձեր մարդկանց ճանապարհորդել Եվրոպա առանց վիզայի։ Դա նշանակում է նաև, որ մենք պետք է վստահ լինենք, որ Հայաստանը կհետևի միգրացիայի վերահսկողությանը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աճի ծրագրի (Growth Plan) միջոցով ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում այդ բարեփոխումների համար, ինչը հստակ ազդանշան է, որ Բրյուսելը ցանկանում է տեսնել Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ: «Մինչ այդ շատ բան պետք է արվի»,- ասաց Մարտա Կոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում