Միայն 2023-ից հետո արտադրված էլեկտրական մեքենաները մեկ տարով կազատվեն ԱԱՀ-ից

Հայաստանի կառավարությունը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման արտոնությունը։
ԱԺ նիստում ներկայացնելով հարկային օրենսդրության փոփոխության մանրամասները՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ԱԱՀ-ի կազատվեն միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր կներմուծեն 2024, 2025 և 2026 թվականների արտադրության մեքենաներ։
«Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռք ներբերումը ու շահագործումը խթանելու, ինչպես նաև՝ կանաչ տնտեսության նպատակներին հասնելու համար»,- ասաց նախարարը։
Նախարարը տվյալներ ներկայացրեց, որոնք ընդգծում են արտոնությունների ազդեցությունը։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, օգտվում է նաև մաքսատուրքից ազատման քվոտայից։
- 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11,793 միավոր, ինչը 22%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը։
- 2024-ի ներմուծումը 17,6 անգամ ավելի շատ է եղել, քան 2019-ին։
- 2025-ին (նոյեմբերի 19-ի դրությամբ) ներմուծվել է ավելի քան 19,000 էլեկտրական տրանսպորտային միջոց, որը, ըստ Պապոյանի, մինչև տարեվերջ կկրկնապատկի նախորդ տարվա ներմուծման ցուցանիշը։
Civilnet










