Արշալույս Մղդեսյան, Բրյուսել
Եվրամիության «թռիչքային անվտանգության ցուցակից» (այսպես կոչված «սև ցուցակից») հայկական ավիաընկերությունների դուրս գալը զուտ տեխնիկական գործընթաց է և որևէ առնչություն չունի Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերությունների մակարդակի հետ։
Այս մասին Բրյուսելում Հայաստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 1-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ սահմանափակումները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի բավարարել անվտանգության բոլոր պահանջները:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կան նորություններ ԵՄ օդային տարածք հայկական ավիաընկերությունների մուտքի արգելքի վերացման վերաբերյալ, Կոսը հստակեցրել է, որ որոշումը գտնվում է բացառապես Եվրամիության Թռիչքային անվտանգության կոմիտեի տիրույթում։
«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական... Հիմնվելով կատարված գնահատման վրա՝ կան որոշակի քայլեր, որ Հայաստանը դեռ պետք է կատարի։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պահանջվում է, որոշումը չի կայացվի»,- նշել է հանձնակատարը։
Մարթա Կոսը շեշտել է, որ ԵՄ-ի առաջնային նպատակը թռիչքային անվտանգության ապահովումն է։ Այդ նպատակով Բրյուսելը Երևանին տրամադրում է հատուկ աջակցություն «Թվինինգ» (Twinning) ծրագրի շրջանակում։ Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և ներգրավում է եվրոպական անդամ երկրների փորձագետներին, որոնք օգնում են Հայաստանի կառավարությանը շտկել ոլորտում առկա թերացումները:
Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները Եվրամիության թռիչքային անվտանգության ցուցակում (սև ցուցակ) հայտնվել են 2020 թվականի հունիսին։ Եվրոպական հանձնաժողովի այս որոշումը հետևել էր Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) գնահատմանը, որը բացահայտել էր թերացումներ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից անվտանգության վերահսկողության իրականացման գործում։
Արգելքը նշանակում է, որ Հայաստանում սերտիֆիկացված ավիաընկերությունները իրավունք չունեն կոմերցիոն թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ իրենց սեփական ինքնաթիռներով (բացառությամբ այն դեպքերի, երբ այլ՝ չարգելափակված ավիաընկերության ինքնաթիռներով և անձնակազմով)։
Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ աշխատում է թերությունները շտկելու և ԵՄ չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ: Գործընթացը պահանջում է օրենսդրական և կառուցվածքային լուրջ փոփոխություններ:
Civilnet











