Արշալույս Մղդեսյան, Բրյուսել
Եվրոպական Միությունը հանձնառություն ստանձնեց ոչ միայն խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը, այլև կոնկրետ ֆինանսական և ինստիտուցիոնալ գործիքներով պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունն ու սպասվող խորհրդարանական ընտություններն արտաքին հիբրիդային սպառնալիքներից։ Փաստաթղթի ստորագրման արարողությանը հետևած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ ամփոփեցին արդյունքները։
Անվտանգություն և Մոլդովայի սցենարի կանխարգելում
Կայա Կալասը հայտարարեց Հայաստանին 15 միլիոն եվրոյի հատկացման մասին, որն ուղղվելու է ականազերծմանը և խաղաղության ամրապնդմանը։ Սակայն նրա ելույթի առանցքում անվտանգային մարտահրավերներն էին։ Կալասը ուղիղ տեքստով զգուշացրեց Հայաստանում սպասվող ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից, ինչպես ինքը ձևակերպեց, «ակտիվացող ապատեղեկատվական արշավների» մասին։
«Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք գործի էին դրվել Մոլդովայում (ընտրությունների ժամանակ)․ գործելաոճը նույնական է։ ԵՄ ֆինանսավորումը կուղղվի օտարերկրյա միջամտությունների հայտնաբերմանն ու չեզոքացմանը»,- ասաց եվրոպացի պաշտոնյան։
Թեման զարգացրեց Մարթա Կոսը՝ ուշադրություն հրավիրելով հաջորդ տարվա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությանը։ Ընդգծելով, որ ժողովրդավարական համակարգերն ամենուր աճող սպառնալիքի տակ են, հանձնակատարը հայտարարեց նոր՝ 5 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Այս գումարն ուղղվելու է Արևելյան հարևանության տարածաշրջանային համագործակցության խթանմանը, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին աջակցելուն։
«Մենք համաձայնեցինք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները նախքան դրանք ճնշման տակ կհայտնվեն»,- ասաց Կոսը՝ հավելելով, որ ֆինանսավորումը կօգնի ընտրություններին ընդառաջ հայտնաբերել, մշտադիտարկել և հակազդել ապատեղեկատվությանը։
Վիզաների ազատականացում և «Խաղաղության խաչմերուկ»
Ասուլիսին Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Եվրամիության հետ կապերը վաղուց դուրս են եկել երկկողմ հարաբերությունների իրավական իմք հանդիսացող Համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրի` CEPA-ի շրջանակներից։ Նա նշեց վիզաների ազատականացման երկխոսությունում գրանցված առաջընթացը և ընդգծեց պաշտպանական ոլորտում համագործակցության խորացումը։
«Մենք զարգացրել ենք մեր հարաբերությունները՝ հարստացնելով դրանք նոր չափումներով։ Այսօրվա օրակարգը մեր գործընկերությունը բարձրացնում է ռազմավարական մակարդակի»,- հայտարարեց Միրզոյանը։
Տարածաշրջանային կապուղիների համատեքստում Մարթա Կոսը Եվրամիության անունից նոր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով ստեղծել քառակողմ ձևաչափ (Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա)՝ ենթակառուցվածքների ապաշրջափակումը համակարգելու համար։
Խաղաղության պայմանագիր և ապագա գագաթնաժողով
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ կողմերը հիշատակեցին օգոստոսին Վաշինգոտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների ստորագրած փաստաթղթերը։
Պատասխանելով ասուլիսին ներկա ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Միրզոյանը վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անհապաղ ստորագրելու Երևանի պատրաստակամությունը, սակայն արձանագրեց, որ ստորագրման հնարավոր միջոցառման վերաբերյալ դեռևս կա «ընկալումների տարբերություն»։
Դիվանագիտական բառապաշարում սա թերևս ակնարկ էր Բաքվի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջին։ Եվ թեպետ պաշտոնական Երևանը մերժում է այդ պահանջը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, երկրում սահմանադրական փոփոխությունների գործընթացն, այնուամենայնիվ, մեկնարկած է։
Հանդիպման առանցքային նորություններից էր նաև քաղաքական օրացույցի հստակեցումը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2026-ի մայիսի 5-ին Երևանում անցկացնել երկկողմ առաջին գագաթնաժողովը։
Civilnet











