Գլխավոր Լրահոս

Կարգալույծ է հռչակվել Տեր Թադե քահանա Թախմազյանը

Կարգալույծ է հռչակվել Տեր Թադե քահանա Թախմազյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ դեկտեմբերի 2-ին կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:

***

Վերջին ամիսներին, իշխանության և Մայր Աթոռի միջև քաղաքական լարվածության ֆոնին, քահանաներ են կարգալույծ լինում: Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը (աշխարհիկ անունը՝ Ստեփան Ասատրյան)։ Կարգալույծ հռչակելու հիմքը եղել է հնազանդության ուխտը դրժելը և Եկեղեցական Կարգապահական Հանձնախմբի նիստերին ներկայանալուց համառորեն հրաժարվելը։

Տեր Արամ այն քահանաներից մեկն էր, որը հրապարակայնորեն պահանջում էր Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Տեր Արամին կարգալույծ հռչակելու որոշումն ուղեկցվեց քաղաքական սուր արձագանքով, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթով, հակադարձելով, հայտարարեց, որ ինքն է կարգալույծ հռչակում Կաթողիկոսին՝ հիմնվելով նրա կուսակրոնության ուխտը խախտելու մասին լուրերի վրա։

Նոյեմբերի 6-ին էլ կարգալույծ էր հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը: Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տարոն քահանան ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024-ի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում