Գևորգ Թոսունյան
Որևէ փաստաթղթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա միայն ԼՂ-ում. դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի մի շարք պնդումներ, սակայն, չեն հաստատվում կառավարության հրապարակած փաստաթղթերում։
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի՝ նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերին, դրանցում առկա ձևակերպումներին և նախկին իշխանությունների թողած ժառանգությանը։
Կառավարությունն իր կայքում նախօրեին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր։
Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց 2019-ի հունիսին ներկայացված փաստաթղթի (Լավրովի պլանի) մասին, որը հայկական կողմը չի ընդունել։
«Նայում ես՝ բավականին լավ մեխանիզմ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Նշվում է, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»,- նշեց պատգամավորը։
Իր խոսքը վարչապետը սկսեց աստվածաշնչյան մեջբերումով՝ պնդելով, որ փաստաթղթերը պետք է ճիշտ ընթերցել և հասկանալ կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն» ձևակերպումը ենթադրում էր նաև ադրբեջանական համայնքի մասնակցություն։ Ըստ նրա՝ «երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում»։
Նշում - Երեքշաբթի կառավարության էջում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսի առաջարկում (Լավրովի պլան) ԼՂ ժողովրդի կամարտահայտության մասին նշվում է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը արտացոլող, իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական քվեարկության միջոցով, որն անցկացվելու է կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ Արդարադատության միջազգային դատարանի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, և որի ընթացքում քվեարկության ներկայացվող հարցի կամ հարցերի ձևակերպումները որևէ կերպ սահմանափակված չեն լինելու, իսկ դրա ցանկացած արդյունք կողմերի կողմից կհարգվի»։
Կառավարութունը նախօրեին հրապարակել էր նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը թվագրված է 2016-ի օգոստոսի 16-ով։
«Դուք կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Իսկ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն. նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչություն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ընդդիմախոսների մեկնաբանությունները բացարձակապես տեղին չեն։
Նշում - Սերժ Սարգսյանն իր նամակում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ի առաջարկից երեք տարի առաջ է հասցեագրվել Պուտինին, մասնավորապես ասվում է. «Գործնականում Ալիևը պահանջում է լուծել միայն իր խնդիրները՝ փոխարենը առաջարկելով միջանկյալ կարգավիճակի ամորֆ տարբերակ և հանրաքվեի միանգամայն լղոզված, ամբողջությամբ անորոշ հեռանկար՝ փորձելով վերանայել դեռ 2009-ի մայիսին ձեռք բերված և բազմիցս հաստատված հիմնարար պայմանավորվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի թե՛ միջանկյալ, թե՛ վերջնական կարգավիճակի շուրջ»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթուղթը։
«Այն ձևակերպումը, որ հանրաքվեն չի կարող ունենալ որևէ սահմանափակում, նշանակում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կարող էր և նախատեսված չլինել։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակ կարող էր նախատեսված լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում արձանագրված ԵԱՀԿ 1996-ի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում, որտեղ արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ստանա ինքնակառավարման կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը, սակայն, չնշեց, որ Լիսաբոնի գագաթնաժողովի հայտարարության վրա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է դրել։
Ըստ Փաշինյանի՝ այն ամենը, ինչ պնդում են ընդդիմախոսները, Հայաստանում 20-25 տարվա քարոզչական խոսույթ է եղել, որը կապ չի ունեցել իրականության և բանակցային փաթեթների հետ։
Նրա խոսքով՝ 2019-ի փաստաթուղթն իրեն չի ներկայացվել որպես Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկ։
Փաշինյանը մտավ նախագահ/վարչապետ բառախաղի մեջ՝ ակնարկելով, թե 2019-ի առաջարկը իրեն չէր կարող վերաբերել, քանի որ վերաբերում էր նախագահներին։
«2019-ի փաստաթուղթը ինքնուրույն փաստաթուղթ չէ։ Որպեսզի դա ապացուցվի, նշեմ, որ այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է. «Մենք՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներս...»։ Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ։ Այն ինձ ներկայացվել է իմ հարցումներին և շեշտադրումներին ի պատասխան, թե ո՞րն է բանակցային գործընթացի ամփոփ նկարագրությունը իմ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նշում - 2015-ի սահմանադրությամբ Հայաստանը անցում կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի, որտեղ արտաքին քաղաքականության պատասխանատուն վարչապետն է։
Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանն ասաց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, թե նախկին առաջարկները լավն էին, ապա ժամանակին պետք է գնային լուծումների։
Civilnet











