Հայաստանն ու Ադրբեջանն ընտրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ: ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ պարզելու, թե ինչպես են երկրները քվեարկել միմյանց հարցով:
Նախարարությունից արձագանքել են, որ նոյեմբերի 24-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի ընտրությունները տեղի են ունեցել փակ, գաղտնի քվեարկության եղանակով, հետևաբար՝ հայտնի չէ, թե որ երկիրն ում օգտին է քվեարկել։
ՍիվիլՆեթը հարց էր ուղարկել նաև՝ պարզելու, թե ինչպիսին է Հայաստանի արձագանքը Ադրբեջանի՝ կոմիտեի անդամ դառնալուն, սակայն նախարարությունն այս հարցը փաստացի շրջանցել է և չի ներկայացրել որևէ դիրքորոշում։
Հարցին՝ որո՞նք են այն կոնկրետ գործիքները, որոնք Հայաստանը նախատեսում է կիրառել Կոմիտեի անդամության շրջանակում՝ Ադրբեջանին զսպելու կամ նրա կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության դեպքերը (օրինակ՝ Արցախի տարածքում) Կոմիտեի օրակարգ բերելու համար, ԱԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցերը։
«Համաշխարհային ժառանգության կոմիտեի հիմնական գործառույթները ներառում են մշակույթի և բնության բացառիկ արժեք ունեցող հուշարձանների՝ Համաշխարհային ժառանգության ցանկում ներառման նպատակով ներկայացված հայտերի քննարկումն ու դրանց վերաբերյալ որոշումների կայացումը, ներառված հուշարձանների պահպանության վիճակի մշտադիտարկումը և այլն։
Կոմիտեում ընտրությունների շրջանակներում Հայաստանը ստանձնել է մի շարք հանձնառություններ, այդ թվում՝ բարձրացնել Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հեղինակությունը, նպաստել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների պաշտպանությանը, պահպանմանն ու վերականգնմանը, խրախուսել այդ նպատակով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, հատուկ ուշադրության կենտրոնում պահել հակամարտությունների, բնական աղետների, կլիմայի փոփոխության հետևանքով վտանգված մշակութային ու բնական ժառանգությանն առնչվող խնդիրները և այլն։
Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զինված հակամարտություններից և բնական աղետներից տուժած տարածաշրջաններում, մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործողություններին։ Այդ հարցում Հայաստանը կարևորում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մշակութային հուշարձանների պահպանման, դրանց վիճակի մշտադիտարկման և վերականգնողական աշխատանքների ծրագրման նպատակով»։
Հարցին՝ արդյոք դիտարկվու՞մ է կոնկրետ հարցերով դիմելու կամ բանաձևեր առաջադրելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկմանը, նախարարությունից հայտնել են.
«Ապագայում Հայաստանը նախատեսում է Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954-ի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում առաջարկել բանաձևի նախագիծ՝ նվիրված մշակութային ժառանգության պաշտպանության հարցում նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը»։
Civilnet











