«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետը չհերքեց, որ այն եկեղեցիները, որտեղ կիրակի օրերին ինքը պատարագի է մասնակցում, նախապես տարբեր խողովակներով, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների միջոցով, զգուշացվում են՝ Գարեգին Բ-ի անունը չտալ, հաշվի առնելով, որ վարչապետի համար նա կաթողիկոս չէ։
«Մենք խնդրում ենք, որպեսզի փաստը, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ՝ հաշվի առնվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե կաթողիկոսի անունը վարչապետի ներկայությամբ հնչեցնելն ինչ վտանգ է ներկայացնում, որ նրա զեղչելու հարցով ԱԱԾ-ն զբաղվում, Փաշինյանն արձագանքեց․
«Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը»։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եկեղեցու դեմ գործող անձը Գարեգին Բ-ն է։ Ըստ վարչապետի՝ նրա ներկայությունը Մայր Աթոռում ամենաշատն է վիրավորում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում՝ իր հոգևոր զգացումները
«Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը»,- ասաց Փաշինյանը։
Եկեղեցի-իշխանություն սրված հարաբերությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներին սովորաբար զեղչվում է կաթողիկոսի անունը։
Civilnet











