Գլխավոր Լրահոս

Հանգիստ վարկի չափով

Հանգիստ վարկի չափով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Դիլիջանի ուսումնական կենտրոնում ծախսելու է այնքան գումար, որքան վարկային միջոցներ չորս տարում կառավարությունը նախատեսում է ուղղել հարկային վարչարարության բարելավմանը։ Ընդ որում՝ մոտ Դ5 մլրդ-ի շինաշխատանքների պայմանագիրը ՊԵԿ-ը կնքելու է գոյություն չունեցող «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ։

Երեկ կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որը սահմանում է ՊԵԿ-ի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը։ Պարզվում է՝ այս տարի ՊԵԿ-ը Դ5,4 մլրդ-ի ($13,3 մլն) աշխատանքներ պետք է իրականացնի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը գրեթե նույնքան՝ $12 մլն-ի վարկային միջոցներ է ներգրավում Համաշխարհային բանկի «Հարկային վարչարարության արդիականացման» չորսամյա ծրագրի շրջանակում։ Վարկային միջոցներն ուղղվելու են հարկային մարմինների ՏՏ ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ էլեկտրոնային հաշվետվությունների և վճարումների ամբողջական համակարգերի զարգացմանը, ռիսկային գործոնների վրա հիմնված ժամանակակից հարկային հսկողության համակարգի կատարելագործմանը։

Ըստ ՊԵԿ-ի՝ ուսումնական կենտրոնը նախատեսված է երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպվող ուսուցողական և վերապատրաստման դասընթացների համար։ Իրականում այն պարզապես «էլիտար» հանգստավայր է համակարգի աշխատակիցների համար։ Իսկ կառավարության որոշումը լավագույնս է խոսում գործունեության գերակայությունների ու պետական պարտքի կառավարման առանձնահատկությունների մասին։

Դ5 մլրդ՝ գոյություն չունեցող «Սահակյանշինին»
Բացի այն, որ Դ5,4 մլրդ ուղղվելու է պետության համար ոչ առաջնային նպատակների, գումարները հերթական անգամ յուրովի են ծախսվելու։ Որոշման տեղեկանքից երևում է, որ շինաշխատանքների մրցույթներն անցկացվել են «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» եղանակով։ Այն գնորդին թույլ է տալիս ընտրել «անհրաժեշտ» ընկերությանը։ ՊԵԿ-ը, ուսումնասիրելով երեք ընկերությունների հայտերը, առաջարկել է ուսումնական կենտրոնում մոտ Դ5 մլրդ-ի շինաշխատանքները վերապահել «Սահակյանշին» ՍՊԸ-ին։

Ի դեպ՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևով «Սահակյանշին» ընկերություն գրանցված չէ։ Ըստ նույն համակարգի որոնման արդյունքների՝ Հայաստանում գրանցված է միայն «Սահակյանշին» ՓԲԸ։

Քաղաքացիական օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանվում է. «Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին»։ Պարզ ասած՝ ըստ օրենսդրության «Սահակյանշին» ՓԲԸ-ն և «Սահակյանշին» ՍՊԸ-ն տարբեր կազմակերպություններ են, քանի որ տարբերվում են կազմակերպաիրավական ձևով, ու ՊԵԿ-ն աշխատանքների կատարման համար առաջարկում է հաղթող ճանաչել և պայմանագիր կնքել մի ընկերության հետ, որն իրավաբանորեն գոյություն չունի։

Հասկանալի է, որ խոսքը հենց «Սահակյանշին» ՓԲԸ-ի մասին է, սակայն կազմակերպաիրավական ձևի ոչ ճիշտ նշումը ցույց է տալիս, թե որքան լուրջ է ՊԵԿ-ը վերաբերվում իր իսկ կողմից կազմակերպված աշխատանքների գնման գործընթացին։

Նատուրալիստ մաքսավոր-հարկայիններ
Երեկվա որոշումն առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը զիջում է ՊԵԿ-ին։ Դեռ 2011թ. դեկտեմբերի 29-ին գործադիրը որոշում էր ընդունել, որով «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու 22,5 հա տարածքը 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվում ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնին։ Որոշման հիմնավորումում նշվում էր, որ կենտրոնը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ, հանդիպումներ՝ այն համատեղելով հանգստի հետ։

Տպավորություն է, որ այդ տարածքը տրվում է ՊԵԿ-ին, քանի որ այնտեղ աշխատում են ոչ թե հարկային և մաքսային տեսուչներ, այլ նատուրալիստներ, ու նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու համար անտառային տեղանքը պարզապես անհրաժեշտություն է։

ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի է վերածվել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը»։ Ընդ որում՝ այն 2010թ. Պետեկամուտների կոմիտեին փոխանցվել է բավական «էժան» գնով՝ ընդամենը Դ505 մլն-ով։ Ձեռք բերված տարածքը կազմում է 3,5 հա, որի վրա 8 հազ. քմ ընդհանուր մակերեսով շինություններ կան (5-հարկանի ննջարանային մասնաշենք, երկհարկանի 8 քոթեջներ, եռահարկ գլխավոր մասնաշենք)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում