Դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Այս մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:
Շաթիրյանն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2020-ի սեպտեմբերի 15-ին:
***
2020-ին Էդգար Շաթիրյանը ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն էր։
2002-2005-ին Շաթիրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը, 2007-ին եղել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, 2004-2017-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, 2015-ին նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։
Այդ մարմինը հետագայում վերածվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ ԱԺ-ում 2019-ի նոյեմբերին քննարկվեց հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն հենց Էդգար Շաթիրյանն էր։ Նա ընտրվեց, հետագայում առաջադրվեց նաև այդ մարմնի նախագահի պաշտոնին, սակայն հանձնաժողովի ներսում ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը։
Դրանից հետո Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց նորաստեղծ հանձնաժողովի անդամի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե դա առնչություն չունի նույն մարմնի նախագահի պաշտոնում չընտրվելու հետ։
Civilnet











