Գլխավոր Լրահոս

Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին․ Քոչարյան

Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին․ Քոչարյան

Ֆորմատների հետ կապված վրջնական որոշում չունենք, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին․ այս մասին դեկտեմբերի 6-ին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձել է գալիք ընտրություններին, Քի Վեսթի առաջարկին, ու նաև Եկեղեցու դեմ արշավին։

2026-ի ընտրությունների մասին

Անդրադառնալով «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի հայտարարությանը, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն 2026-ի ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Փաշինյանին, Քոչարյանն ասաց, որ եթե կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն կուսակցության ղեկավարն էլ է մասնակից դառնում։ 

«Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ոչ ՀԱԿ-ը չպիտի մասնակցի, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն է, Հանրապետականը չպիտի մասնակցի, աբսուրդ է, եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի, այո, մասնակցում են ընտրություններին»,- ասաց Քոչարյանը։

Հարցին, որ եթե ՔՊ-ն հաղթի ընտրություններում ու կազմի մեծամասնություն, նախատեսու՞մ է չճանաչել ընտրությունների արդյունքները և ընտրություններից հետո շարունակել փողոցային պայքարը, Քոչարյանն ասաց, որ ՔՊ-ն չպետք է ընտրվի և ինքը «պլան բ չունի»։

«Իսկապես այդ պլան բ-ն ես չունեմ ու չեմ էլ ուզում դրա մասին մտածել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանս չի ունենալու։ Այսօր այսօր բոլոր հարցումներով երևում է ուղղակի չունի այն սատելիտը, որը իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ինքը մենակով չի կարող հավաքել 50% ձայն»,- ասաց երկրորդ նախագահը։

Քի Վեսթի առաջարկի մասին

Դեկտեմբերի 2-ին կառավարության gov.am կայքում հրապարակվել էին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր։ Փաստաթղթերի շարքում բացակայում է 2001-ի Քի Վեսթի առաջարկը, որը ենթադրում էր Լեռնային Արցախի միացում Հայաստանին՝ Հայաստանի հարավով Ադրբեջանին ինքնիշխան միջանցքի տրամադրման դիմաց։

Քոչարյանի խոսքով՝ Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը և շատ մոտ էին այդ տարբերակին, բայց իրենք միակողմանի չէին հռչակում դա, որովհետև հռչակելը կնշանակեր մեկ բան՝ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ։

«Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ», և, ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ազդակ է ուղարկել Ադրբեջանի ագրեսիայի համար: Մենք դա չենք արել, որ նման պրոբլեմներ չունենանք 1994 թվականին, 1997-ին, 2000 թվականին, 2008-ին: Սա անպատասխանության ծայրահեղ աստիճան է, ավելի ճիշտ՝ տգիտության, հիմարության կիրառումն էր։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ի դեմս Ֆրանսիայի՝ ԵՄ-ն։ Պրոբլեմներն ունեցավ Հայաստանն այն ժամանակ, երբ այս եռյակին Փաշինյանը մերժեց»,– ասել է երկրորդ նախագահը։

Քոչարյանի խոսքով՝ հենց Հայաստանը հայտարարեր Արցախը որպես Հայաստանի կազմ, կշեղվեին խնդրից ու այս խնդրի լուծումը կբերեին երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ։

«Բայց մենք ամբողջ բանակցային գործընթացը տանում էինք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հենվելով և սա մեր ուժն էր: Դրա համար հնարավորություն եղավ երկար տարիներ ունենալ փաստացի անկախ Ղարաբաղ, որը դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց փաստացի նշվել է որպես ինքնորոշված ժողովուրդ, ինքնորոշված պետություն, որը ճանաչման փուլում է գտնվում»,- հավելել է Քոչարյանը։

Եկեղեցու դեմ արշավի մասին

Անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանությունների արշավին՝ Քոչարյանն ասաց, որ չնայած Փաշինյանը ներկայացնում էր, որ պայքարում է Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության համար, նա քանդեց այն բացատրությունը, որով փորձում էր ներկայացնել իր շարժառիթները։ 

«նա ուղղակի ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, այլ պայքար է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը որևէ ռացիոնալ բացատրություն չունի, թե ինչու է վարչապետն այս քայլերն անում։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում