Դեկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ֆրանսիայի Մարսել քաղաքից։ Նրան դիմավորեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Վեհափառն իր խոսքն ուղղեց ժողովրդին՝ գնահատանք հայտնելով, որ եկել են օդանավակայան։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կաթողիկոսին կարող են ձերբակալել Մարսելից վերադառնալուց հետո։ Քաղաքացիները հավաքվել էին՝ ի աջակցություն Կաթողիկոսի։
«Մարսել քաղաքում գտնվելովё մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով, և հետո պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է երկամսյա կալանվորման ժամկետ։ Մենք գիտենք, որ մեր Սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարություններին՝ անվեհեր հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան ու վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը»,- ասաց Կաթողիկոսը։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին։ Նա մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ:
Նա շեշտեց, որ իրենք եկեղեցական ուղերձներում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին ու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին։
«Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության, եկեղեցահալած քաղաքականության, մենք որպես Հայրապետ հայոց՝ եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելության հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին»,- ասաց Վեհափառ Հայրապետը։
Civilnet











