Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնելուց հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ է ներկայացրել։ Վարչապետն այն հրապարակել է իր սոցիալական էջերում։
1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրքը պետք է անդրադառնա․
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց ապահովման երաշխիքներին,
բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը և դրա ապահովման երաշխիքներին,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը և դրա ապահովման երաշխիքներին,
դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը և դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած և պետական բյուջե վճարված հարկերը և տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
ե) հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին և դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգևոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգևոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։
Հ․Գ․ Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
***
Վերջին ամիսներին եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացման համար։ Փաշինյանն ամեն կիրակի պատարագի է մասնակցում այն եկեղեցիներում, որտեղ Գարեգին Երկրորդի անունը չի հնչում։
Civilnet











