Ադրբեջանն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն իր տարածքում, այնուհետև՝ Հայաստանում անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաqչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Բաքուն այս պահին հիմքեր չի տեսնում Երևանի կողմից այս առաջարկը մերժելու համար։
«2024-ին Թուրքիայում կայացած հանդիպման արդյունքներով մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնենք նաև հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Ցավոք, հնարավոր չեղավ համաձայնության գալ. հայկական կողմը չհամաձայնեց նման հաջորդականության հետ»,- հայտարարել է Բայրամովը։
Նախարարը շեշտել է, որ այսօր տարածաշրջանային իրավիճակը զգալիորեն փոխվել է, և Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունները մասնակցում են հանդիպումների արդեն միմյանց տարածքներում։
«Հաշվի առնելով դա՝ մենք հիմքեր չենք տեսնում Հայաստանի կողմից մեր առաջարկը մերժելու համար։ Առնվազն, մենք դրա մեջ տրամաբանություն չենք տեսնում։ Այն ուժի մեջ է մնում»,- նշել է նա։
Իր հերթին, Աբբաս Արաqչին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը և կողմ է «3+3» ձևաչափի նիստերը սկզբում Ադրբեջանում, այնուհետև Հայաստանում անցկացնելու առաջարկին։
***
«3+3» ձևաչափի շուրջ քննարկումները ծավալվեցին 2020-ի Արցախյան պատերազմց հետո։ 2020-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո գաղափարը սկսեցին առաջ մղել Ադրբեջանն ու Թուրքիան, նրանց միացան նաև մյուս երկրները, այդ թվում՝ Իրանը։ Ձևաչափի նպատակն է՝ մեկ հարթակում համախմբել Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց հարևան տարածաշրջանի մյուս երկրներին՝ Իրանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Ձևաչափն ավելի շատ դիտվում է արտաքին ազդեցության սահմանափակման տրամաբանության մեջ։
Ձևաչափի շրջանակում մինչ այժմ երեք հանդիպում է տեղի ունեցել, որոնցից առաջինը՝ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում փոխարտգործնախարարների, երկրորդը՝ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում և երրորդը՝ 2024-ի հոկտեմբերին Ստամբուլում՝ արտգործնախարարների մակարդակով։
Civilnet











