Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցման համար

Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
«Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից հայտ է ստացել՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ, միանվագ կարգով, երկաթուղային փոխադրումն իրականացնել լիովին անվճար»,- ասված է նախարարության տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Նոյեմբերի 6-ին և 8-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։
Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։
Civilnet










