Գլխավոր Լրահոս

Շինարարական տուգանքների ծավալն աճել է․ 10 ամսում՝ 35 մլն դրամից ավելի տույժ

Շինարարական տուգանքների ծավալն աճել է․ 10 ամսում՝ 35 մլն դրամից ավելի տույժ

Գևորգ Թոսունյան

Վերջին հինգ տարիներին նորակառույց շենքերում ստուգումների և նշանակված տուգանքների քանակը զգալիորեն աճել է․ եթե 2020-ին իրականացվել էր 64 ստուգում և նշանակվել 2,3 մլն դրամի տուգանք, ապա 2025-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին այդ թիվը հասել է 35,7 մլն դրամի։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինից (ՔՏՀԱ)։

Սիվիլնեթը դիմել էր կառույցին՝ պարզելու շինարարական ոլորտում իրականացվող վերահսկողության, մասնավորապես՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրով կառուցվող շենքերի, թաքստոցների առկայության և ժամկետանց շինարարությունների վերաբերյալ մանրամասներ։

Տուգանքների վիճակագրությունը և աճի դինամիկան

Շինարարական օբյեկտներում իրականացված ստուգումների և կիրառված պատասխանատվության միջոցների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020-ին իրականացվել է 64 ստուգում և նշանակվել 2,3 մլն դրամի տուգանք։ Հաջորդ տարի՝ 2021-ին, ստուգումների թիվը հասել է 175-ի, իսկ տուգանքները՝ 16,5 մլն դրամի, 2022-ին 163 ստուգման արդյունքում նշանակվել է 20,5 մլն դրամ տուգանք, իսկ 2023-ին 115 ստուգմամբ՝ 23,8 մլն դրամ։ 2024-ին, չնայած ստուգումների քանակի նվազմանը մինչև 62, տուգանքների չափը կտրուկ աճել է՝ հասնելով 37,6 մլն դրամի։ Ընթացիկ տարվա՝ 2025-ի հունվարից մինչև հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ իրականացվել է 107 ստուգում և նշանակվել 35,7 մլն դրամի տուգանք։

Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են նախագծային շեղումներին, անվտանգության կանոնների չպահպանմանը և տեխնիկական հսկողության թերացումներին։ Նշվում է, որ այնպիսի թերություններ, որոնց դեպքում շինաշխատանքները պետք է դադարեցվեին, չեն հայտնաբերվել։

Ի՞նչ է սպասվում ժամկետները խախտող կառուցապատողներին

Անդրադառնալով շինարարության ժամկետների խախտմանը՝ տեսչական մարմինը պարզաբանել է գործող ընթացակարգը։ Ըստ այդմ՝ թույլտվություն տվող մարմինը (համայնքը) նախազգուշացնում է կառուցապատողին։ Եթե վերջինս մեկամսյա ժամկետում չի դիմում ժամկետի երկարաձգման համար կամ նոր ժամկետում չի ավարտում շինարարությունը, համայնքը դիմում է դատարան՝ օբյեկտը վաճառելու հայցով։

Վաճառքի գինը սահմանում է դատարանը, բայց այն չի կարող պակաս լինել օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսից։

Թաքստոցներ և եկամտային հարկ

Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերում թաքստոցների (բունկերների) առկայությանը, տեսչական մարմինը հայտնել է, որ Երևանում իրականացված ստուգումների ընթացքում նախագծով նախատեսված, սակայն չկառուցված թաքստոցների դեպքեր չեն արձանագրվել։ Թաքստոցների պահանջը սահմանվում է նախագծման թույլտվությամբ, որը տրամադրում է համայնքի ղեկավարը։

Կառույցը նաև տեղեկացրել է, որ եկամտային հարկի վերադարձի ծրագրով կառուցվող շենքերի մասով առանձնացված հաշվառում չի իրականացնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում