Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը «մտահոգիչ» է համարում «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը

Ադրբեջանը «մտահոգիչ» է համարում «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «մտահոգիչ» է համարում Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, Բրյուսելում ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։

Բաքուն պնդում է, որ ՀՀ-ԵՄ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։

Բաքուն անթույլատրելի է համարում ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջիկա 7 տարվա ռազմավարական գերակայությունները սահմանող երկկողմ փաստաթղթում Ադրբեջանի դեմ ուղղված հարցերի ներառումը, ինչը, ըստ այդ երկրի գլխավոր դիվանագիտական գերատեսչության, «բացասաբար է անդրադառնում նաև Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։

Ադրբեջանական կողմը «ակնհայտ նախապաշարմունքի դրսևորում» է համարում այն, որ փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Ղարաբաղից տեղահանված հայեր» արտահայտությունն է օգտագործվում հայ բնակիչների վերաբերյալ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, այս հարցերի շոշափումը ԵՄ-Հայաստան փաստաթղթում «հակասում է խաղաղության գործընթացին»։

Բաքուն մտահոգություն է հայտնել նաև, որ ԵՄ-ՀՀ փաստաթղթում չի հիշատակվում TRIPP նախագիծը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել կարգավորման գործընթացի շրջանակներում և ունի մեծ նշանակություն։

«Այս իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից Վաշինգտոնում երկրի վարչապետի կողմից ստորագրված TRIPP նախագծի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները կատարելու մտադրությունների լրջության, ինչպես նաև այս նախագծին ԵՄ-ի կողմից հայտարարված աջակցության վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի համար առավել մտահոգիչ է այն փաստը, որ Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության գործունեությունը դադարեցնելու փոխարեն, առաջնահերթությունը տրվում է նրա ներկայությունը պահպանելուն և լիարժեք գործառնական կարողությունների ապահովմանը։

«Այս խնդիրները, օգոստոսի 8-ից հետո ձեռք բերված առաջընթացի ֆոնին, վերստին ի հայտ են բերում նախորդ հակամարտության տարրեր և լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի մտադրությունների վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այս անցանկալի դրույթները լուծելու համար, որոնք չեն արտացոլում ներկայիս իրողությունները: Մեր կողմից մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտ եզրակացություններ անել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հայաստանի արտգործնախարարությունը շուտով կարձագանքի Ադրբեջանի այս հայտարարությանը, Սիվիլնեթին հայտնեցին ԱԳՆ-ից։

***

Դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը:

Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և երկկողմ գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում